Փաշինյանի՝ «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ ընտանիքն է» այս ուղերձի ցուցապաստառների հրապարակման եւ գովազդային ծառայությունների ձեռքբերումն առանց մրցույթ հայտարարելու եւ այն մեկ անձից գնումով իրականացնելու կառավարության հիմնավորումը, մեղմ ասած, անհասկանալի է, նույնիսկ՝ անհեթեթ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իր ելույթում ասել է. « …Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ են հանրության արժանապատվության եւ հայրենիքի ազատության գաղափարների հետ…»:
Կարճ ժամանակ անց, որոշվեց այս խոսքերը գովազդել, տարածել Հայաստանով մեկ, որի համար կառավարությունը մոտ 100 հազար դոլար է ծախսում:
Սա հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում չզեկուցվող նախագծերից մեկն էր. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերում»: Եվ սրա համար որոշվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 միլիոն 900 հազար դրամ:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ մրցույթ չհայտարարվեց. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է նախագիծը ներկայացրել կառավարությանը: Նախագծում մեկ անձից գնումը հիմնավորվում է՝ «…ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների առանձնահատկությունները, ինչպես նաեւ ժամկետի սղությունը եւ մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը՝ գնման առարկայի համար գնման ձեւ է սահմանվել մեկ անձից գնումը»:
Կառավարությունը մեկ անձից գնման թույլտվություն ստանալու համար հղում է կատարում «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:
Ի՞նչ են սահմանում օրենքի նշված դրույթները.
Հոդված 23. Մեկ անձից գնումներ կատարելու պայմանները՝ Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`«2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»:
Թե՝ ո՞րն է Փաշինյանի ուղերձը տարածելու անհետաձգելի պահանջը՝ առաջացած արտակարգ իրավիճակով, որ շտապել են մեկ անձից գնում կատարել, այլ ոչ թե մրցույթ հայտարարել, պարզ չէ: Թերեւս կարելի է բացատրել՝ ղեկավարի ասածներն անհետաձգելի են «իմքայլականների» համար:
Մեկ անձից գնում կատարելու թույլտվություն ստանալու այս որոշման համար կառավարության ղեկավարն ու աշխատակազմի ղեկավարը հղում են անում ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին, այն է.« բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում»:
Հիշեցնենք, այս տարվա գարնանն էլ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնում կատարեց՝ 900 միլիոն դրամով աղբատար մեքենաներ ձեռք բերեց: Այն ժամանակ էլ հիմնավորվում էր՝ խնդրի հրատապությունն ու անհետաձգելիությունը: Նույն կերպ քաղաքապետարանը հանրապետության գլխավոր տոնածառն էր ձեռք բերել:
Ի դեպ, հոկտեմբերի 10-ին այս՝ չզեկուցվող նախագիծն իսկապես չզեկուցվեց, սակայն, նույն նիստի օրակարգում էր ներառվել Էրեբունի-Երեւանի տոնակատարության մասին կրկին չզեկուցվող նախագիծը, որը մինչդեռ զեկուցվեց, դեռ մի բան էլ երկար-բարակ քննարկվեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ