Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը կողմ էին, հերթը հասավ Հայկ Մարությանին՝ դեմ են. Անի Սամսոնյանի նախագիծն իշխանությունները մերժեցին՝ գլխացավանքից հեռու

Հոկտեմբեր 14,2019 18:50

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախագիծը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», այսօր քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում: Նախագծով պատգամավորն առաջարկում է Երեւանի խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունը, քաղաքապետը ավագանու խմբակցություններին ու ներկայացուցիչներին պետք է ոչ թե ընդունի սեղմ ժամկետում, այլ ավելի հստակ կնշվի՝ երեքօրյա ժամկետում, առաջարկում է կրճատել ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ժամկետը՝ 4 ամսից դարձնել 2 ամիս, առաջարկում է նաեւ, որ ավագանու նիստերի օրակարգի ձեւավորման գործընթացում ներկա լինեն, մասնակցություն ունենան նաեւ ավագանու խմբակցությունները՝ խորհրդակցական կարգով, հանձնաժողովի նախագահներին էլ տալ լիազորություն, որ իրենց նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից զեկուցողների հրավիրի նիստերի համար: Երեւանի վարչական շրջանների ղեկավարները ամեն հերթական նիստից հետո, ըստ նախագծի, պետք է գան հարցուպատասխանի՝ ավագանու նիստերին

Այսքան առաջարկներից իշխանություններն ընդունել են միայն մեկը, այն, որ պատրաստ են կրճատել ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ժամկետը, այն էլ՝ ոչ թե 2 ամսով, այլ՝ 1:

Նախագիծն արդեն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, բայց չի քվեարկվել, քանի որ կառավարության հետ կոնսենսուսի չեն գալիս:

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ այս փոփոխությունների փաթեթը ժամանակին՝ 2017-ին պատրաստել են,եւ այն ներկայիս վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացներ ԱԺ, սակայն չհասցրեց «Այս փոփոխություններին մեծ դեր էր ունեցել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, երբեմնի ավագանու անդամ: Սրանք սկզբունքային փոփոխություններ էին, որ մենք նախաձեռնել էինք: Սա արել էին նրա համար, որ սահմանափակեին մեր՝ ավագանու լիազորությունները, որովհետեւ այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը սկսել էր խնդիրներ ստեղծել քաղաքապետի համար: Դրանք ինստիտուցիոնալ խնդիրներ էին, հաշվետվողականության խնդիրներ, ՀՀԿ-ի հոգուն հարիր չէին: Այդ իսկ պատճառով հիմա ներկայացնում ենք այս փոփոխությունները, բայց ինչպես նկատում ենք, ներկայիս քաղաքապետի  քմահաճույքն արտացոլվել է կառավարության եզրակացության մեջ եւ, ըստ այդմ, կառավարությունը տվել է բացասական կարծիք: Ինձ մնում է հույս ունենալ, որ ԱԺ-ն կցուցաբերի ողջամտություն ու կհասկանա, որ սրանք ինստիտուցիոնալ փոփոխություններ են, որոնք անհրաժեշտ են՝ անկախ նրանից՝ գործադիր մարմինը ցանկանո՞ւմ է դա, թե՞ չէ»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ Շվեյցարիայում տարեկան 200 անգամ հանրաքվե են անցկացնում, կարեւոր հարցերը հանրաքվեով են որոշում, ի՞նչն է խնդիրը, որ իշխանությունները դա չեն ուզում անել, պատրաստ չեն դա ընդունել: Սամսոնյանի խոսքով՝ հանրաքվեները ուղիղ ժողովրդավարության գործիքներ են եւ հանրաքվե դժվարանում են անցկացնել, եթե փոքր հնարավորություններով բյուջե ունես. «Իրենք ասում են՝ եթե այդպես լինի, ամեն մի խմբակցության մտքով կանցնի մի հիմար միտք բերել դնել հանրաքվեի: Մենք էլ ասում ենք, որ հենվում ենք այն ընտրված ավագանու ողջախոհության վրա, որ այդպիսի յուրաքանչյուր միտք մերժվելու է: Վերջնական որոշումը ավագանունն է, խմբակցությունը միայն առաջարկում է»:

Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանն ասաց, որ 1/3-ի ինստիտուտը բավարար է՝ հանրաքվե նախաձեռնելու համար ու անկախ նրանից, թե խմբակցությունը քանի անդամ ունի, պիտի փորձ անի պատգամավորների գոնե 1/3-ի համաձայնությունը ունենալ:

Կառավարությունը գտնում է, որ թաղապետերին բերել, կանգնացնել, հրապարակային հարցեր տալ, արդյունավետ չի: Սերգեյ Բագրատյանը զարմացած էր՝ ի՞նչն է այստեղ մերժելի:

Հանձնաժողովի նախագահն Անի Սամսոնյանին ասաց, որ եթե բոլոր կետերով առաջարկները դնեն քվեարկության, մերժեն, լավ չի լինի, կարելի է գալ համաձայնության: Օրինակ, հանրաքվեի մասով ավագանու օրակարգը կարող է պարբերաբար հագեցվի թեմաներով, որոնք անընդհատ պետք է քննարկեն ու քաղաքական փակուղի կարող է լինել. «Դուք պատկերացրեք, որ հանձնաժողովի նախագահներն անընդհատ սկսեն հերթագրել պաշտոնյաներին, այդ պաշտոնյաները պիտի ուրիշ անելիք չանեն, անընդհատ հանդիպեն ավագանու անդամների հետ»:

Անի Սամսոնյանն էլ հայտարարեց, որ մերժում են նախագիծը, որովհետեւ չեն ուզում, որ քաղաքական մեծամասնությունը ունենա գլխացավանք, այսինքն, նույն տրամաբանությունն է, ինչ նախկինում. «Քաղաքապետ կա, որ շփվելու մշակույթ չունի, օրինակ, Հայկ Մարությանը եւ եթե չունի, պետք է օրենքով սահմանել, որ նա ունենա»: Նախագիծը, դրվեց քվեարկության ու Սամսոնյանի առաջարկները չընդունվեցին: Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031