Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ ՀԷԿ-երը արդեն քանի անգամ է գալիս ասում են՝ ձեզ դատի կտանք». Ջրային կոմիտեի նախագահ

Հոկտեմբեր 14,2019 18:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում քննարկվեց մի նախագիծ, որով արգելվելու է Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել՝ ինչ էլ որ պատահի գյուղատնտեսության հետ: Կառավարությունը՝ մասնավորապես, Ջրային կոմիտեն դեմ էր, բացատրում էր, որ կարող է արտակարգ իրավիճակ լինի, կարիքը լինի:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին հարցրեց՝ դուք այլընտրանք քննարկե՞լ եք, թե ոնց հարցերը լուծեք, թե՞ մենակ մտածում եք, որ «Սեւանի վրա պետք է նստեք»: Նա էլ պատասխանեց, որ ոչ. «Սպանդարյան ջրամբար ունենք, որտեղից չենք կարողանում ջուր վերցնենք, պայմանագրեր կան»: Վարդան Մելքոնյանը հայտարարեց. «Անկեղծ բան եմ ասում՝ ինձ ՀԷԿ-երը արդեն քանի անգամ է գալիս ասում են՝ ձեզ դատի կտանք, պայքարել եմ ամբողջ տարի, դրա արդյունքում ունենք 150 մլն խմ ջուր՝ Սեւան տեղափոխված»: Պատգամավորները զարմացան, թե ի՞նչ դատ, ի՞նչ բան, օրենքի պահանջն է դա: Մելքոնյանն էլ պատասխանեց, ասում են՝ ջրօգտագործման թույլտվություն ունեմ, ջուրը տուր, չէ՝ դատի կտամ: Բագրատյանն էլ հակադարձեց. «Դա թույլտվություն է, եթե ջուրը չկա, չենք կարողանում ոլորտին ապահովենք, պիտի մասնավոր ընկերության շահն ավելի բարձր դասենք, քան գյուղատնտեսության շա՞հը»:

Մելքոնյանը վստահեցրեց, որ այս տարի առավելագույնն են արել, որ ոռոգումն իրականացվի ու ջրի այդ քանակը տեղափոխեն Սեւան:

Պարզվում է՝ որպես այլընտրանք Կեչուտի ջրամբարը կա, բայց թունելի շինաշխատանքների պատճառով այնտեղից էլ չեն կարողանում օգտվել: Բագրատյանն ասաց. «Հենց հիմա Կեչուտի ջրամբարի մոտ ՀԷԿ է աշխատում, 24 ժամ, տարին 12 ամիս էդ ՀԷԿ-ը աշխատում է»: Մելքոնյանն արձագանքեց. «Համաձայն եմ, բայց հիմա թունելի վերանորոգման վերջին փուլն է, եթե մենք հիմա՝ այս տարի, այս ժամանակահատվածում չանենք, կունենանք խնդիր մյուս տարի: Դա ժամանակացույցով ընթացող շինաշխատանքներ են: Նախարար Պապիկյանի հետ մենք թունելն անցել ենք, իրոք, հավատացեք, տեղեր կան, որ կարող է մի օր փլվեն: Դա փաստ է»:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն էլ ասաց, որ գոնե հիմա կարելի էր ջուրը կուտակել Կեչուտի ջրամբարում, երբ թունելն աշխատի, այդ ջուրը կտեղափոխեն Սեւան, ոչ թե թողնեն, որ ՀԷԿ-երն աշխատեն: Մելքոնյանը պատասխանեց, որ հիմա Կեչուտի ջրամբարը 23 մլն խմ լցված է, լիքն է, կառավարում են Արփայով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031