Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատան-վարչությունում, որը տեղակայված է Գյումրիում, այսօրվանից սկսվեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը։ Մասնավորապես մաքսազերծվեցին Վրաստանից և Ճապոնիայից արտահանված ու հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, առավոտյան ժամը 9-ից կազմ-պատրաստ սպասել են քաղաքացիներին ու ժամը 15․00-ի դրությամբ մոտ 100 ավտոմեքենա ձևակերպել են։
«Մեր սպասածից մի փոքր քիչ է հոսքը, մենք ավելիին ենք պատրաստ, այսօր Հյուսիսային մաքսատուն-վարչությունում Նորագավիթի մաքսատան հնարավորություններով աշխատում ենք։ Այսինքն՝ եթե այսօր Նորագավիթում ձևակերպում ենք մոտ 600 մեքենա, մենք հայտարարել ենք, որ Գյումրիում առանց հերթի սպասարկելու ենք 350-400 մեքենա, պատրաստ ենք այդ ծավալները սպասարկել։
Երեկվանից թերի տեղեկատվություն է պտտվում, որ բոլոր տարածաշրջանների մաքսատները փակվում են և պատրաստվում ենք միայն Հյուսիսային մաքսատուն-վարչությունով մաքսազերծել ամբողջ հանրապետության մեքենաները։ Տեղեկատվությունը թերի է, քանի որ միայն Ճապոնիայից և Վրաստանից ոչ կոնտեյներներով ներմուծված ավտոմեքենաներն ենք այստեղ մաքսազերծելու։ Ըստ վիճակագրության, դա օրական մոտավորապես 350 մեքենա է կազմում։ Այսօր մենք պատրաստ ենք առանց հերթ ամբողջ այդ հոսքը մաքսազերծել։ Որպեսզի սահուն լինի ամբողջ մաքսազերծման տեղափոխումը Գյումրի, որոշեցինք փուլ առ փուլ իրականացնել տեղափոխումը, դրա համար այս պահին միայն Ճապոնիայի և Վրաստանից մեքենաներն են: Մի հատ հասկանանք հոսքը կառավարելի է, կառավարելի չէ, թեև վստահեցնում եմ ամեն ինչ նորմալ է լինելու, նոր միայն շատ կարճ ժամանակ հետո մնացած ավտոմեքենաները ևս կտեղափոխենք այստեղ»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը։
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ մաքսազերծումը իրականացնում են նոր վերապատրաստված, թարմ կադրերով, որոնք աշխատում են երեք բաժիններում։
Անդրադառնալով մաքսազերծումը Գյումրի տեղափոխելու դեմ ուղղված բողոքի ցույցերին, Շուշանիկ Ներսիսյանն ասաց․ «Այն տեղեկատվությունը, ինչի վրա հղում են անում ավտոներկրողները, երեկվա ակցիայի մասնակիցները, որը որ վրդովմունքի առիթ է հանդիսացել իրենց համար, իրենց տեղեկացվածությունն ամենայն հավանականությամբ փոքր-ինչ թերի է։ Նրանք հղում են անում, թե ամբողջ հանրապետությունով մեկ փակվելու են մաքսատները և միայն Հյուսիսային փոքր վարչությունն է աշխատելու։ Ես դրա համար հայտարարեցի, որ որևէ մաքսատուն դեռևս չի փակվում և բոլոր մաքսատներում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք ավտոմեքենա մաքսազերծում ենք, բացառությամբ այս երկու երկրները՝ Ճապոնիան և Վրաստանը, որ գալիս է այստեղ։
Ամերիկայից կոնտեյներներով մեքենաները, Եվրոպան և այլն, գործընթացն ամբողջությամբ ոնց եղել է, շարունակվում է։ Դուբայն էլ կուզեմ շեշտել, թերի տեղեկություն է տարածվել համացանցում , որ Դուբայից ներկրված մեքենաները պարտադիր պետք է մաքսազերծվեն Հյուսիսային մաքսատան-վարչությունում, չկան նման բան։ Մենք պարզապես ասում ենք՝ Դուբայից եթե կլինի, չնայած հավանականությունը փոքր է , բայց եթե պարսկական սահմանով կմտնի Վրաստանից կամ Ճապոնիայից ավտոմեքենա, մենք հնարավորություն ենք տալիս այդ ավտոմեքենաները Սիսիանում մաքսազերծելու, այլ ոչ թե գալ, հասնել այստեղ։
Նաև մի տեղեկատվություն եմ ուզում տալ, որը բոլոր ավտոներկրողներին կհետաքրքրի: Մենք մի դրվագ ենք գտել օրենքի մեջ, որով կկարողանանք հնարավորություն տալ ճանապարհի մեքենաները, որոնք ներկրողները մտավախություն ունեն միգուցե մինչև դեկտեմբերի 31-ը չհասցնեն ներկրել, հունվարին ամսին մաքսազերծել դեկտեմբեր ամսին գործող դրույքաչափով։ Սա որպես լավ լուր՝ ի լրումն Գյումրի տեղափոխելուն, կարող ենք մատուցել քաղաքացիներին», – ասաց Շուշանիկ Ներսիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Գյումրիում արտաքին տնտեսական գործունության կենտրոնի բացման հետ միաժամանակ բոլոր ավտոտրանսպորտային միջոցները մաքսազերծվելու են Գյումրիում, փակվելու են ավտոմաքսազերծման հնարավորությունները հանրապետության բոլոր մաքսատներում, Սիսիանը որպես բացառություն են թողնելու Հարավային սահմանում ընկած տրանսպորտային միջոցների համար։
Այսօր Գյումրիում իր մեքենան մաքսազերծողներից մեկը՝ Մելիքյան Խաչատուրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա մեջ երկրորդ մեքենան է մաքսազերծում։
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հետ կապված բողոքներին էլ այսպես պատասխանեց․ «Ամեն մարդ իր ծախսն ունի, կարող է՝ չի կարող գալ Գյումրի, հիմա ես կարողացել եմ գալ, եկել եմ։ Եկա Գյումրի, որովհետև տեսել եմ Արարատյան մաքսատան հերթը. մի ամիս առաջ ավտո եմ առել «ռաժոկով» մտցնում-հանում են,այդպես կարելի՞ է։ Չի կարելի էլի, ավտոները մտցնես ջարդես։ Եթե մեքենաս այսօր չմաքսազերծեի, կընկնեի տուգանքի տակ, 10-րդ օրն էր, եկա , շատ արագ մաքսազերծվեց՝ առանց հերթի, զարմացած եմ, իսկ էնտեղ երկու օր հերթ եմ կանգնել»,-ասաց Մելիքյան Խաչատուրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ