Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ, որ գնում են գործուղման, ադրբեջանցիներին ուրախ բարևում, ցտեսություն են ասում, գալի՞ս են». Կարինե Աճեմյան

Հոկտեմբեր 14,2019 17:44

«Միջազգային արենայում հարաբերությունները, որոնք կային, զրոյանում են»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ –ական Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն շարունակում է պահպանել բոլոր գործընկերների հետ հարաբերությունները. դրա վկայությունն են ԵԺԿ-ի, Ռուսաստանի, տարբեր երկրների կուսակցությունների հետ հարաբերությունների խորացումը:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «եթե եկել է, որ բոլորին ենթարկի իրեն, որ այս երկիրը դառնա տոտալիտար երկիր, ես կարծում եմ, որ ուղիղ ճանապարհին է և շատ արագ կիրականացնի այդ քայլերը»:

Նախկին պատգամավորի կարծիքով, եթե երկրի ղեկավարը նստած համացանցով մեկնաբանությունների է պատասխանում, դա աննախադեպ է. «Եթե հետևեք համաշխարհային մամուլին, կտեսնեք, որ Հայաստանն իզգոյի կարգավիճակում է հայտնվում: Որևէ մեկը չի խոսում ոչ պոպուլիզմ, ոչ հեղափոխություն, իսկ մեզ մոտ մեկուկես տարի անցել է, դեռ խոսում են հեղափոխության մասին, քանի որ որևէ ծրագիր, օրակարգ չունեն, մանիպուլյացիաներ են տնտեսությանն առնչվող բոլոր թվերը»:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները դատապարտող՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն անատամ է:

Նախկին պատգամավորը նշեց, թե հեղափոխությունը, որով ոգևորված էին հատկապես սփյուռքում, դրանից հետո ինչո՞ւ չեն գալիս հայրենիք. «Անհանգստացնող է հայերի վիճակը Սիրիայում: Այս իրադարձությունները ոգևորեցին հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցներին, բայց հեղափոխությունից հետո ինչո՞ւ չեն վերադառնում հայրենիք: Նոր տեսա գրին քարտի վահանակը: Պարզվում է՝ որևէ տարի այսքան շատ դիմողներ չեն եղել: Իրենց կարծիքով՝ հեղափոխություն ասվածը մեզ էր պետք, ո՞ւմ էր պետք: Այդ մարդիկ, որոնք եկան, կանգնեցին, ուրախացան, հիմա ո՞ւր են: Երբ Ալիևի, նրա կառավարության կամ որևէ պաշտոնյայի կողմից հոխորտալից հայտարարություններ են հնչում, կարծես ամենից շատ էլի նախկիններն են արձագանքում, ոչ մի պատգամավոր, ոչ մի իշխանավոր նորմալ չի արձագանքում: Ուզում եմ հասկանալ, որ այս մարդիկ գնում են գործուղման, ադրբեջանցիներին ուրախ բարևում, ցտեսություն են ասում, գալի՞ս են: Եթե այստեղ չկա արձագանք, համապատասխան մեր կողմից խոսք, ուրեմն նշանակում է իրենք այդ գործով չեն զբաղվում, ուրեմն դա մտնում է իրենց խաղաղասիրական ծրագրի մեջ: Այս ամենը մեզ վատ տեղ է տանելու»:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցին և նրան ուղղված հայտարարություններին՝ Կարինե Աճեմյանն ասաց. «Ով լսել է Վիտալի Բալասանյանի ամբողջ հարցազրույցը, պիտի հասկանա, որ դա խելացի ռազմական գործչի խոսք էր: Բա ի՞նչ պիտի անենք ահաբեկիչներին պիտի ազա՞տ արձակենք, ասենք՝ գնա, ինչ ուզում ես արա՞: Մարդն ասել է, որ Արցախի հանդեպ ահաբեկչությանը կտրվի համապատասխան պատասխան: ՊՊԾ գնդի գրավումից հետո ահաբեկիչները որևէ այլ երկրում ողջ չէին մնա: Որևէ երկրում, երբ հարձակվում էին պետական կառույցի վրա, անմիջապես դա որակվում է ահաբեկչություն: Վիտալի Բալասանյանն ասել է իր տեսակետը, որի հետ համաձայն եմ: Խորհուրդ եմ տալիս նրա խոսքից մեջբերում անողներին հարցազրույցը ամբողջությամբ նայել և հաշվի առնելով, որ դա ասել է այն Վիտալի Բալասանյանը, որը բանակցում էր «Սասնա ծռերի» հետ և շատ մեծ հեղինակություն ունի, գործեր ունի արած: Պետք է առհասարակ լռեն այն մարդիկ, որոնք այս երկրում դեռ ոչ մի բան չեն ստեղծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031