Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գլխավոր մուտքի մոտ բացվեց Համահայկական 1-ին խաղերի կազմակերպիչ, 1915 թ. Ցեղասպանության զոհ, պոլսահայ Շավարշ Քրիսյանի կիսանդրին:
Ինստիտուտի մարզական լրագրության եւ շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը, ներկայացնելով Շավարշ Քրիսյանին, ասաց. «Շավարշ Քրիսյանը հայկական Պիեռ դե Կուբերտենն է, մարդ, որը ազգային արժանապատվությունը եւ ազգային ծրագրերը իրականացնելու, ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ լինելու համար մարմնակրթությունը համարում էր ամենակարեւոր միջոցը: Սպորտն է միակը, որ միասնություն կարող է ապահովել: Շավարշ Քրիսյանն հայ մարմնակրթության հոգեւոր հայրն է, նա բառիս բուն իմաստով եվրոպական կրթություն ստացած այն անձնավորությունն է, այն մեծ մտավորականը, որը 1907-1911 թվականների ընթացքում Կոնստանդնուպոլսում կազմակերպեց Համահայկական խաղեր եւ Համահայկական չորս օլիմպիական խաղեր: Նա նաեւ հայկական մարզական մամուլի հիմնադիրներից է՝ «Մարմնամարզի» խմբագիրն ու հրատարակիչը, հրապարակագիր, գրող, մարզիկ՝ աթլետ, որը մասնակցել է 7-րդ օլիմպիական խաղերին: Որպես մտավորական եւ հայ ազգի արժանի զավակ, նա 1915 թվականին ցեղասպանության զոհ է դարձել Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուանի, Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի եւ այլ երեւելիների հետ»:
ՖԿՀՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ողջույնի իր խոսքում նշեց. «Շավարշ Քրիսյանը Փարիզում ավարտելով մարմնակրթական դպրոցը՝ կարողացավ Արեւմտյան Հայաստանում՝ մեր պատմական հայրենիքում, ձեւավորել նոր մշակույթ, կարողացավ հիմնել «Մարզաշխարհ» թերթը, որի միջոցով ավելի է մասսայականացրել առողջ մարմնում՝ առողջ հոգի գաղափարախոսությունը: Նա հիմնադիրն է այսօր իրականություն դարձած Համահայկական խաղերի: Մեզ համար մեծ պատիվ է մեր ինստիտուտի պատերի ներքո ունենալ Շավարշ Քրիսյանի կիսանդրին: Շնորհակալություն ենք հայտնում քանդակագործ Դավիթ Մինասյանին, այս հիանալի մտահղացման հեղինակներին, կազմակերպիչներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ