Այս տարվա մայիսին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներդրումների մակարդակը մտահոգիչ էր համարել: Այսօր Aravot.am-ը նախարար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ներդրումներն ի՞նչ մակարդակ ունեն, եւ հատկապես ո՞ր երկրներից դեպի Հայաստան եկող ներդրումներն էին նվազել:
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս տարի նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ ներդրումների ներհոսքը 253 միլիոն դոլարով ավելին է. «Բայց 9 ամսվա թվերը մոտ երկու ամսից հստակ կլինեն, մենք կտեսնենք իրական պատկերը որն է, չենք կարծում, որ նվազում կլինի: Կլինի դրական պատկեր՝ ինչպես եւ վեց ամիսների արդյունքում, բայց ես հիմա ավելի առաջ գնացող դատողություններ չեմ անի»:
Տիգրան Խաչատրյանն այսօր ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության 5-ամսյա աշխատանքը: Ասաց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 7%: Նրա խոսքով. «2015-2019 ժամանակահատվածում այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից. 2018թ-ին 7․7% էր»,- ասաց պարոն Խաչատրյանը: Նրա տվյալներով, 2019 թ. հունվար-օգոստոս ամիսներին կոնյակի, ծխախոտի, պղնձի խտանյութի, ոսկերչական իրերի, ֆերոմոլիբդեն, շոկոլադի, մրգային գինիների եւ այլ ապրանքատեսակների արտահանման աճ է գրանցվել:
Կարդացեք նաև
«Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նշված ամիսների ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաեւ, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.5%, իսկ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը՝ 10,4%:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ