Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սեւանը վերականգնվող չի արդեն». Վարազդատ Կարապետյանը օրենք է բերել՝ ուզում է ցորենն էլ չորանա՝ Սեւանից էլ հավելյալ ջուր բաց չեն թողնի

Հոկտեմբեր 14,2019 17:15

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում քննարկվեց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի նախագիծը՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»: Կարապետյանն առաջարկում է, որ եթե Սեւանա լճում նախորդ տարվա համեմատ ջրի մակարդակը իջնի, ապա անկախ նրանից, թե գյուղատնտեսության մեջ ի՞նչ տարի լինի, ինչքան էլ ջրի պակաս կա, Սեւանա լճից պետք է ջուր բաց չթողնել:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Վարազդատ Կարապետյանը հորդորեց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին հարցեց՝ ինչի՞ն են դեմ: Նա պատասխանեց, որ ընդհանուր նպատակին՝ Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելուն դեմ են, բայց կարող է ունենանք տարի, որ օրհասական լինի գյուղատնտեսության համար: Այսօրվա գործող օրենքով դրա համար նախատեսվում է տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում բաց թողնել հավելյալ քանակի ջուր՝ ԱԺ հաստատմամբ. «Այս առաջարկի դեպքում 170 մլն խմ-ից հետո սահմանափակվում է օրենքով նախատեսված չափաքանակից ավել ջրառը՝ Սեւանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում: Եթե բացասական բալանս լինի, մենք էլի դիմելու ենք ձեզ, փաստարկ ենք բերելու: Սեպտեմբերի 24-ից մենք մի գրամ ջուր չենք հանել, բայց լիճը 3 սմ մակարդակն իջել է, քամիներն են, գոլորշիացում: Մենք կարող է ռիսկային տարի ունենանք, որ բալանսը լինի բացասական եւ գյուղատնտեռսության առումով բարդ տարի ու չկարողանանք դրա դեմն առնել: Մենք չենք առարկում այդ դրույթին: Մենք հիմա այս վերջին պահին՝ աշնանացանին փորձում ենք Հրազդան գետով խաղացնել, չվերցնել Սեւանից, բայց եթե կարիքը լինի, գոնե 5-6 օրվա համար մենք պետք է 46 մլն դրամի հոսանք սպառենք: Ու այդ 46 մլն-ը հավասար է լինելու ընդամենը 0,3 սմ-ի՝ մոտ 5 մլն խմ-ի: Բայց համեմատած անցյալ տարվա հետ՝ մենք այսօր 5 սմ բարձր ենք, դա համարյա 70 մլն խմ է: 140 մլն ենք վերցրել՝ թույլատրելի 170-ի դիմաց: Հիմա ձգում ենք, փորձում ենք Հրազդան գետով յոլա գնանք, աշնանացանը հանենք»:

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ այս նախագծի իմաստն այն է, որ եթե կա բացասական հաշվեկշիռ, դուք ընդհանրապես մոռանաք, որ կա նման հնարավորություն, որ Սեւանից ջրառ անեք. «Եթե կա 170 մլն խմ վերին սահման, դրանից ավել ինչ ուզում է տեղի ունենա, աշնանացան ցորենն էլ չորանա՝ մենք լրացուցիչ ջրառ Սեւանից պետք է չունենանք, որովհետեւ աշնանացան ցորենը վերականգնվող է, նաեւ ապահովագրության միջոցով, տարբեր գործիքներ կան, բայց Սեւանը վերականգնվող չի արդեն: Այնտեղ շատ ավելի լուրջ խնդրի առաջ ենք արդեն կանգնած, քան գյուղատնտեսությունը ՀՀ-ում»:

Չնայած կառավարությունը դեմ էր, նախագծին պատգամավորները հավանություն տվեցին ու 6 կողմ ձայներով այն դրական եզրակացություն ստացավ, կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031