Շուշիում գտնվող Գոհար տիկնոջ վերին մզկիթի նորոգման առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել էր, թե հայերը իբրեւ թե ստվեր են գցում պատմության վրա, «որովհետեւ Շուշին ադրբեջանական քաղաք է, իսկ հուշարձանը՝ ոչ թե իրանական, ինչպես ներկայացվում է, այլ՝ ադրբեջանական»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մզկիթի նորոգմանը՝ շեշտեց, որ Շուշին Արցախի հինգ հնագույն քաղաքներից է, իսկ մզկիթը՝ նրա պատմամշակութային ժառանգության անբաժան մասնիկը:
https://www.facebook.com/aravot.am/videos/400406917304550/
«Սա պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառում է, իսկ այդ քաղաքականությունն իրականացվում է առանց խտրականության: Մենք ժողովուրդների հետ ապրելու հազարամյա փորձ ունենք եւ մշակութային ժառանգության պահպանման մեծ փորձ»,-ընդգծեց Աննա Նաղդալյանը:
Կարդացեք նաև
Նա անհարկի համարեց մեկնաբանել Ալիեւի հայտարարությունն այն պայմաններում, երբ հայերը ժամանակին իրենք են ականատես եղել Ադրբեջանի ձեռքով իրենց ժառանգության ոչնչացմանն, օրինակ, Նախիջեւանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ