ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս փախստականների հետ հանդիպմանը հնչեցրած արտահայտությանը, թե Ադրբեջանին իբրեւ թե պատկանող տարածների ազատագրումից հետո դրանք կկառուցվեն եւ կվերաբնակեցվեն: Ալիեւը որպես օրինակ մատնանշել է Արցախի Մարաղա գյուղի տարածքը:
«Նա իր խոսքում հիշատակել է երբեմնի ծաղկուն, հայկական եւ մինչեւ պատերազմը 5000 բնակչություն ունեցող բնակավայրը, որը 92թ.-ին ոչնչացվել է Ադրբեջանի կողմից: Հիմա ասում է, թե այն կառուցվել է եւ բնակեցվել ադրբեջանցիներով»,-նախ նկատեց Աննա Նաղդալյանը:
Ապա շեշտեց՝ Ադրբեջանն այս օրինակը ներկայացնում է միայն իրեն ձեռնտու քողի ներքո. «Նրա՝ հակամարտության լուծման այսպիսի տեսլականը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախն ուզում է առանց նրա բնակչության: Այս օրինակը բացահայտում է Ադրբեջանի իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ բռնության իրականացման: ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը երբեւէ թույլ չենք տա Արցախում նոր վայրագություններ եւ ցեղասպանական գործողություններ»:
Ալիեւն իր վերջին հայտարարություններից մեկում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության կարգավորման այն բանաձեւին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ ասել էր, թե «Ղարաբաղում ժողովուրդ չկա, այնտեղ բնակչություն է միայն»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/400406917304550/
Այս առնչությամբ էլ Աննա Նաղդալյանը նշեց. «Ադրբեջանն առավելապաշտական մոտեցում է ցուցաբերում: Մինչ օրս մենք չենք լսել իր բառապաշարում «ժողովուրդ» բառը, մինչդեռ խաղաղությունը ժողովրդին է վերաբերում: Ժողովուրդը եւ նրա կամքը բացարձակ արժեք են մեր երկրում, ինչին ականատես չենք Ադրբեջանի պարագայում: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն այլընտրանք չունեն: Մենք հետեւողական ենք մեր նպատակների իրականացմանը: Կրկնեմ՝ մենք Արցախում նոր վայրագություն թույլ չենք տալու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ