Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին:
Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ նոր տեխնոլոգիաներ, գիտություն, կրթություն, էներգետիկա, գյուղատնտեսություն: Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ նպաստելու երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգում հայ համայնքի ներգրավվածությանը տեղի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ