Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի նշվում է Հաճընի ութամսյա հերոսամարտի օրը: 2019 թ. լրանում է դյուցազնամարտի 99-րդ տարին: Ինչպես միշտ, այս անգամ ևս «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկանն ու Միավորման անդամներն այցելեցին Նոր Հաճըն քաղաք՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների և հերոսամարտի բոլոր զոհերի հիշատակին:
Նրանք հավաքվեցին հաճընցի Մեծն Մուրադի կիսանդրու մոտ, այնուհետև շարժվեցին դեպի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ ծաղիկներ խոնարհեցին բոլոր ընկածների անմար հիշատակին, որից հետո եղան Նոր Հաճըն քաղաքի թանգարանում:
Այս տարի հերոսների հիշատակը ոգեկոչելուն նվիրված՝ Միության անդամների Նոր Հաճըն այցելության առանձնահատկությունն այն էր, որ ընդամենը մեկ ամիս առաջ «Հաճըն» հայրենակցական միավորման ատենապետ Հովհաննես Գրիգորյանը եղել է պատմական Հաճըն քաղաքում՝ Կիլիկիայում, ներկայիս Թուրքիայի Սաիմբեյլիում, ուստի և կարևոր ասելիք ուներ Միության մյուս անդամներին:
Tesaket.info-ի հետ զրույցում պարոն Գրիգորյանը նշեց, որ Հաճըն կատարած ուխտագնացությունն իր երազանքներից մեկն էր, և այժմ իր նպատակն է Միության անդամների հետ լինել պատմական հայրենիքում:
Կարդացեք նաև
Ի դեպ՝ մյուս տարի՝ 2020 թ., նշվելու է Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-րդ տարին: Այս առիթով, ինչպես նշեց պարոն Գրիգորյանը, «Հաճըն» հայրենակցական միությունն արդեն այս տարվանից պատրաստվում է բազմապիսի միջոցառումների՝ նման կարևոր օրը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: Նա նշեց, որ առայժմ չակերտները չի բացի, սակայն միևնույն ժամանակ հավելեց նաև, որ բոլոր հաճընցիները թեկուզ աննշան չափով, բայց իրենց կարոտը կառնեն պապերի հայրենիքից:
Մեր զրույցի վերջում ատենապետն աշխարհասփյուռ բոլոր հաճընցիներին կոչ արեց համախմբվել հերոսամարտի 100-ամյակի իրադարձության առթիվ՝ այն պատվով և արժանավայել կազմակերպելու համար:
Tesaket.info