ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը համամիտ չէ բնորոշումների հետ, թե ատելության խոսքը ՀՀ-ում այն աստիճանի է հասել, որ այդ մասին արդեն խոսում են Ազգային ժողովում: «Այնպես չէ, որ նախկինում ՀՀ-ում բռնության մշակույթը չի գերիշխել, պարզապես այս իշխող ուժը զգայուն է եւ մտադիր է այնպես անել, որ գերիշխի «ոչ բռնությանը» մշակույթը»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ ատելության խոսքի մարտահրավերը ոչ միայն ՀՀ-ին, այլեւ շատ երկրների է վերաբերում. «Որոշ դրսեւորումներ կապված են դատական բարեփոխումների եւ այլ գործընթացների հետ: Այն խմբերը, որոնց շահերից չեն բխում խորքային բարեփոխումները, պարզ է, որ պետք է դիմադրեն»:
Մարիա Կարապետյանը հիշեցրեց իր մոտեցումը, որ խտրականության եւ ատելության խոսքի դեմն առնելու համար օրենսդրություն մշակելու անհրաժեշտություն կա, եւ հիմա բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը հանրային քննարկումների է դրված. «Եթե այն կառավարության նախաձեռնությամբ գա ԱԺ, կփորձենք հղկել այն: Բռնության կոչը ավելի ծանր է ատելության խոսքից: Մենք հեռու ենք մոտեցումից, որ խոսքում մեկանգամյա սայթաքումը բռնության կոչ է: Խոսքը շարունակական, միտումնավոր թիրախավորման եւ ատելության մթնոլորտի ստեղծման մասին է: Նույնիսկ մեկանգամյա սխալների դեպքում մարդու ազատ խոսքը չպետք է սահմանափակվի»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ատելության խոսքի համատեքստում պատգամավորն ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի հայտնի «ասֆալտին փռելու» արտահայտությունը եւ նրա հայտարարած՝ դատարանների շրջափակման գործողությունը: «Ասֆալտին փռելու գործողությունն իրավապահների լիազորությունների մեջ է մնում: Եթե հանցագործը փախուստի է դիմում, պետք է կանխել: Պատկերավոր ասած՝ այդպես պետք է լինի: Քաղաքացիները լիազորել են պետությանը՝ հանցագործությունները կանխելու գործում: Իսկ դատարանների շրջափակման ակցիայի պարագայում կարող եմ ասել, որ դատավորների հետ «տակից աշխատելու» մեջ մեզ հնարավոր չէ մեղադրել»,-պատասխանեց Մարիա Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Արցախի իշխանությունների դեմ ոտնձգություն անողներին ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանը, Մարիա Կարապետյանը դա որակեց որպես ատելության խոսք եւ բռնության կոչ. «Հիմա իրավապահներն են զբաղվում այդ հարցով: Այդ ելույթը քաղաքական բնույթ շատ քիչ ուներ»: Պատգամավորը դիտարկեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի՝ «Արցախի նախագահի գլուխը ջարդելու» մասին հայտարարությունը: «Կան խմբեր եւ դերակատարներ, որոնք իրենց ներկայացնում են որպես կառավարության ուժից հանդես եկող եւ ատելության խոսք են տարածում: Նման բան չի կարող լինել: Իշխանությանը հնարավոր չէ սատարել բռնության կոչերով: Երիտասարդները պետք է գիտակցեն, որ նման խոսքը դեմ է ՀՀ ժողովրդի օրակարգին»,-շեշտեց Մարիա Կարապետյանը:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպիսի գնահատական կտա պատգամավորը «Իմ քայլ»-ական ավագանու անդամի՝ «ականջները կծամեմ», Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտություններին եւ «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակմանը: Մարիա Կարապետյանը նշեց. «Եթե հարցնում եք՝ դատապարտո՞ւմ եմ էթիկայի սահմանները անցնելը, ապա՝ այո՛, բայց առանձին դեպքերում ենթատեքստը պետք է դիտարկել: Իսկ պնդումները, թե վարչապետի այդ հայտարարությունն օգտագործվել է կոնկրետ դատավորի հանդեպ, մանիպուլյացիա են: Իսկ լրատվամիջոցի հանդեպ որեւէ ոտնձգություն չի կարող արդարացում ունենալ, թեեւ գուցե այն բխում է քաղաքացիների էմոցիաներից»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/727092517766822/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ