Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը ենթադրում է, որ կա ներքին պայմանավորվածություն՝ մինչեւ որոշակի տարածքներ առաջանալու
Օրերս Թուրքիան «Խաղաղության ակունք» անվամբ ռազմական գործողություն սկսեց հարեւան Սիրիայի տարածքում՝ քրդական ուժերի դեմ: «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություններից հետո սա 3-րդ ներխուժումն է, որի նպատակն ու թիրախը, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ, ինչպես եւ նախորդ երկու գործողություններինը, նույնն են՝ չոզեքացնել թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդական միավորումներին: «Իսկ իրականում պատկերը հետեւյալն է: Քրդերը նաեւ Թուրքիայի հարավ-արեւելքում բավականին խիտ են բնակեցված, ինչն ընտրությունների ժամանակ խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար: Սահմանից այն կողմ էլ սիրիաբնակ քրդերն են, եւ Թուրքիան սա իր համար որպես վտանգ է ընկալում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան քրդական միավորումներին անվանում է «ահաբեկչական», իսկ իրականում իր խնդիրն է լուծում՝ չի ցանկանում, որ Սիրիայի հետ սահմանին լինեն քրդեր, որոնք հետագայում կարող են հարվածի տակ դնել իր սահմանային անվտանգությունը. «Խնդրահարույց հատվածներում քրդերը կարող են միավորվել եւ գլխացավանքներ ստեղծել Թուրքիայի համար»:
Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի Սիրիա ներխուժումն իրականում սիրիական հակամարտությանն առնչվող դերակատարների հետ համաձայնեցված որոշում է. «Սա Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա համաձայնեցված գործողություն է: Այն տեղային է՝ Եփրատից արեւելք: Թուրքիան երկար ժամանակ ուզում էր դա անել, եւ հիմա «կանաչ լույս» ստացավ: Մտածել, որ Թուրքիայի այս գործողությունը կվերաճի տարածաշրջանային լուրջ իրադարձության կամ զարգացումների, իրատեսական չէ: Թուրքիան տեղային խնդիր է լուծում: Ենթադրում եմ, որ կա ներքին պայմանավորվածություն՝ մինչեւ որոշակի տարածքներ առաջանալու եւ դրանցում, ինչպես Թուրքիան էր ցանկանում, անվտանգության գոտիներ ստեղծելու: Դա Թուրքիան կօգտագործի նաեւ փախստականների համար, որոնք գլխացավանք են դարձել իր իսկ ներսում, ուստի կփորձի նրանց հետ ուղարկել Սիրիայի այդ տարածքներ, որոնք կլինեն իր վերահսկողության տակ»:
Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների գոտում բնակվող սիրիահայերի անվտանգության խնդրին՝ շեշտելով, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում պետք է նպաստի, որպեսզի նրանք տարհանվեն ավելի անվտանգ վայրեր, իսկ եթե ցանկություն ունեն հայրենադարձվելու՝ փոխադրվեն ՀՀ: Փորձագետի խոսքով՝ այդ թվում հայերով բնակեցված հատվածները, որոնք Թուրքիան թիրախավորվել է, այժմ քրդական ուժերի հսկողության ներքո են. «Քրդերը խուսափում են քրիստոնյաներին, եզդիներին կամ ասորիներին բացահայտ ճնշելուց: Նման տեղեկություններ ես չունեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2019