Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, մանկատո՞ւն տանենք երեխաներին, սպանե՞նք. ո՛չ»

Հոկտեմբեր 14,2019 12:33

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները պետության աջակցության կարիքն ունեն

Մեր երկրում մի խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովումը, մեկ այլ խնդիր՝ նրանց խնամակալների իրավունքների ապահովումը: Պետությունն ինչպե՞ս է ապահովում հաշմանդամություն ունեցող  անաշխատունակ անձանց խնամակալների իրավունքները կամ ի՞նչ աջակցություն է տրամադրում: Խնամակալներին՝ ոչինչ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց՝ կենսաթոշակ:

Սուսաննա Գեւորգյանը 22 տարի խնամել է իր՝ մանկական ուղեղային կաթվածով որդուն. ասում է՝ խնամելու տարիներին չի կարողացել աշխատել, որովհետեւ պետք է առավոտից երեկո զբաղվեր երեխայի խնամքով, կողքից էլ օգնող չի ունեցել, բացի այդ, շատ դժվար է նման հիվանդությամբ անձին խնամելը, նույնիսկ՝ վճարովի, ամեն մեկը չի ստանձնի այդ գործը, եթե ստանձնի էլ, ամեն ծնող չի կարող վճարել:

«Կարելի է ասել՝ ամբողջ օրն իմ գրկում եմ պահել, ձեռքերիս վրա, անընդհատ պետք է կողքին լինեի: Աչքերը բացում էր՝ ես պետք է գրկած տեղաշարժեի, լողացնեի, կերակրեի: Ծանր էր: Անպատմելի է ծնողների տանջանքը: Մինչ այդ ուսուցիչ էի աշխատում: Ստիպված դուրս էի եկել գործից ու 22 տարի որդուս խնամքով զբաղվել»,-պատմում է տիկին Սուսաննան:

Որդին մահացել է 2011 թվականին, տիկին Սուսաննան ասում է՝ ընտանիքն էլ քայքայվեց որդու խնամքի տարիներին. չի մեղադրում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ հոգեպես դժվար է դիմանալ:

Հիմա արդեն տիկին Սուսաննան կենսաթոշակի տարիքի է. երբ սկսել է անցնել այդ գործընթացով, պարզել է, որ որդուն 22 տարի խնամելու համար, խնամակալն է եղել, իրեն ընդամենը 10 տարվա աշխատանքային ստաժ են հաշվարկել, օրենքի պահանջն է. «Բայց ինչո՞ւ տաս տարի, դա ինչ սովետական օրենք է, սովետական մոտեցում: Ինչո՞ւ ոչ 22 տարի, չէ՞ որ ես եմ խնամել երեխայիս: Եվ այս խնդիրը միայն ինձ չի վերաբերում, իմ նման շատ ծնողներ կան: Լավ, ի՞նչ անենք, մանկատո՞ւն տանենք երեխաներին, սպանե՞նք (լաց է լինում Ն.Բ.): Ո՛չ: Նման ծնողների կյանքի որակը փոխվում է, նրանք շատ բաներից են զրկվում, ինչո՞ւ պետությունը խնամակալների այս խնդիրը հաշվի չի առնում: Ես ունեմ մի ընկերուհի, արդեն 32 տարի է խնամում է իր աղջկան, էլի մանկական ուղեղային կաթված է, նույն խնդիրն ինքն ունի: 32 տարի չի կարողացել աշխատել, բայց հիմա պետությունը որպես կենսաթոշակ փոխհատուցում է տաս տարվա ստաժով: Գուցե ասեն՝ հաշմանդամության համար թոշակ են տալիս: Բայց որեւէ մեկը հարցնո՞ւմ է՝ այդ գումարը բավականացնո՞ւմ է: Հաշմանդամություն ունեցողների համար, հավատացեք, հարակից ծախսերը շատ են, ու կրկնակի դժվար է խնամակալների համար, քանի որ զրկված են եկամտից: Երկու անգամ գնացել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ասել են՝ ինչ անենք, էդպես է գրված օրենքում»:

Տիկին Սուսաննան ասում է՝ այդ տաս տարվա ստաժով հաշվարկած կենսաթոշակը մոտ 32 հազար դրամ է, սա, հազիվ հերիքում է 1-2 շաբաթ ապրելու համար: Ասում է՝ 65 տարեկան է, իր՝ մանկավարժի մասնագիտությամբ աշխատելու մասին չի էլ երազում. «14 տարի դպրոցում եմ աշխատել, հիմա ինձ ո՞վ կընդունի դպրոց: Բայց այս 22 տարիների ծանր հիվանդ խնամելուց հետո ես էլ առողջական լուրջ խնդիրներ եմ ձեռք բերել՝ ողնաշարի, սրտի»:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով եւ իրավունքներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե խնդիրը վերաբերում է այն դեպքերին, երբ հաշմանդամություն ունեցող անձինք ճանաչվել են անաշխատունակ, այսինքն նրանց հատուկ խնամք է հարկավոր, նրանց խնամակալներն ու ծնողները պետության հոգածության կարիքն ունեն. «Որովհետեւ այդ մարդիկ ակամա  զրկվում են աշխատելու հնարավորությունից, երեխաներին մանկատուն չեն տանում, չեն հանձնում պետությանը, զբաղված են լինում նրանց խնամքով, զրկվում են աշխատանքային կարիերայից եւ շատ այլ բաներից»: Այս իմաստով, ինչպես պարոն Ալավերդյանն է ասում, խնամակալների, ծնողների իրավունքների ապահովման խնդիր կա. «Նրանց պետությունը պետք է փոխհատուցի, կլինի՝ ստաժի տեսքով, թե ֆինանսական այլ տարբերակի տեսքով, դա քննարկվելիք խնդիր է: Բայց խնդիր կա, եւ պետությունը պետք է միջամտի»:

Պարոն Ալավերդյանը պետության նման մոտեցումն ինչ-որ առումով խտրականություն է համարում, այնպես, ինչպես հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը, որոնք սայլակով տեղաշարժվում, չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից եւ ստիպված են լինում բազմակի անգամ ավել վճարել տեղաշարժվելու համար՝ եթե հաջողվի տաքսի նստել:

Ալավերդյանը հիշեցնում է՝ պետությունը վարում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի միջավայր ապահովելու քաղաքականություն, բայց արդյոք դա լիարժեք աշխատում է. «Հիմա այդ ծնողները, խնամակալները երեխաներին չեն հանձնել պետության խնամքին, ի՞նչ է, սխա՞լ են արել, նրանք զրկվել են այլ կյանքից, ուստի պետությունը պետք է ձեռք մեկնի նրանց, եւ ոչ ոք չպետք է ասի՝ արդեն ուշ է, օրենքը հետադարձ ուժ չունի: Անլուծելի հարցեր չկան, կան դրանք դրանք չլուծողներ: Ասում են՝ մարդկենտրոն քաղաքականություն, ուրեմն պետք է մարդակենտրոն որոշումներ կայացնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031