Մեզանում տխուր ավանդույթ է ձեւավորվում այս կամ այն ասուլիսը լուսաբանած լրատվամիջոցների նկատմամբ «քաղաքացիական հետապնդում» իրականացնելու:
Որպես կանոն, ասուլիսի կազմակերպիչների նկատմամբ որեւէ իրավական գնահատական չի տրվում, իսկ ահա, իրենց մասնագիտական պարտքը բարեխիղճ ձեւով իրականացնողները՝ տեղեկությունները տարածողները, թիրախավորվում են: Այս անգամ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պատասխանող է ճանաչել «Առավոտ», «Երկիր», «Դարեսկիզբ» ՍՊ ընկերություններին՝ լրատվամիջոցներին:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանի վարույթում է գտնվում Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ եւ նրա որդի՝ Արտակ Յայլոյաններն ընդդեմ Արթուր Խուրշուդյանի՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող «հայտարարությունը» հերքելու, բարոյական վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը:
Հայցվորների ներկայացուցիչն է փաստաբան Իրինա Հակոբյանը:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցներից բացի, դատարանում պատասխանող են ճանաչվել Արթուր Խուրշուդյանն ու փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Դատական վեճի առարկան այս տարվա հունվարի 15-ի հայտարարությունն է, որը տարածվել է նշյալ լրատվամիջոցներով: «Հայելի» ակումբում հրավիրվել է ասուլիս, որի ժամանակ, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ «պատասխանող Ա. Խուրշուդյանն ու Տ.Հայրապետյանը հայտարարել են հայցվորների կողմից կաշառք ստանալու, պետական միջոցները մսխելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, հարկեր թաքցնելու, ինքնիրավչության եւ այլ հանցագործությունների կատարման վերաբերյալ»:
Հայցվորը վկայակոչելով հայտարությունը՝ նշել էր, որ ասուլիսի ժամանակ ասվել է. «Երեւանի մետրոպոլիտենի մի մասը վերակառուցվել է որպես լողավազան եւ բավական թանկ գներով տրվում է վարձակալության, իսկ ստացվող գումարների չնչին մասն է գրանցվում: Մետրոպոլիտենի տարածքի մի մասը տրվել է կարաոկե ակումբի, մի մասում դաջվածքի կենտրոն է բացվել: Հայտարարվել է նաեւ, որ վարձակալության տրված տարածքների ջրի եւ հոսանքի ծախսերը փակում է Մետրոպոլիտենը: Նշել է նաեւ, որ ընկերության տնօրեն Փայլակ Յայլոյանը գիտենալով, որ օրենքն իրեն թույլ չի տալիս որոշակի գործեր անել, անցել է զոռբայության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կապերի մասին խոսելով, նրա անունը շահարկելով՝ փորձել է հասնել իր նպատակին»:
Չգիտես ինչու, հայցադիմումի փաստական հանգամանքներում նշված է նաեւ դատավարական կարգավիճակ չունեցող մեկ այլ լրատվամիջոցի՝ armtimes.com-ի «Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենն անցել է զոռբայության. փաստաբան» վերնագրով հոդվածը, մեջբերումներ են անգամ կատարվել:
Հայցադիմումում մեր լրատվամիջոցից հղումը կատարվել էր «Երեւանի մետրոպոլիտենի տարածքի մի մասը վերակառուցվել է որպես լողավազան եւ բավականին թանկ գներով տրվում է վարձակալության. փաստաբան» հոդվածից. «Մետրոպոլիտենի շահառուների պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակից Արթուր Խուրշուդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել տնօրեն Փայլակ Յայլոյանի եւ նրա որդու՝ Արտակի դեմ: «Հանցագործության մասին հաղորդման» փաստերն են՝ կաշառք ստանալը, պետական միջոցները մսխելը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, հարկեր թաքցնելը, ինքնիրավչությունը եւ էլի այլ հանցագործություններ… Երեւանի մետրոպոլիտենի տարածքի մի մասը վերակառուցվել է որպես լողավազան եւ բավականին թանկ գներով տրվում է վարձակալության: Կասկածներ կան, որ ստացվող գումարների չնչին մասն է գրանցվում: Մետրոպոլիտենի տարածքի մյուս մասը տրվել է կարաոկե ակումբի, մի մասում դաջվածքի կենտրոն է բացվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ լողավազանի ջրի, կարաոկեի ակումբի հոսանքի ծախսերը փակում է Մետրոպոլիտենը: Այսինքն, պետական միջոցներն են մսխվում: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետական որոշ բարձրաստիճան պաշոնյաներ, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից կառավարվող հարյուր տոկոս պետական կառույց հանդիսացող «Մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Փայլակ Յայլոյանը, գիտենալով, որ օրենքն իրեն թույլ չի տալիս որոշակի գործեր անել, անցել է զոռբայության: Նա անգամ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կապերի մասին եւ նրա անունը շահարկելով՝ փորձել է հասնել իր նպատակին»:
Ըստ հայցվորի, նշված հայտարարությունները զրպարտություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Հայցվոր կողմը պահանջում է պատասխանող Ա. Խուրշուդյանից հօգուտ Յայլոյանների բռնագանձել երկու միլիոն դրամ, պարտավորեցնել Խուրշուդյանին, հրապարակայնորեն նույն եղանակով՝ ասուլիս հրավիրելու միջոցով հերքել վիճելի ասուլիսի ընթացքում արված զրպարտիչ արտահայտությունները եւ հերքման տեսանյութը հրապարակել: Նույնպիսի փոխհատուցման պահանջ էլ ներկայացվել էր Տիգրան Հայրապետյանին:
Տեսանյութի հրապարակման հետ կապված դարձյալ նշվել էր դատավարական կարգավիճակ չունեցող մի քանի այլ լրատվամիջոցների անունները: Կողմը դատարան էր ներկայացրել պատրաստի հերքման տեքստ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2019