Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Արխանգելսկի նահանգապետը ժամանել Հայաստան

Հոկտեմբեր 14,2019 11:30

Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը հոկտեմբերի 25-ին կնշի իր տասնամյակը։ Կրթամշակութային այս օջախի գործունեության հիմնական ուղղություններն են՝ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում հումանիտար համագործակցությունը, ռուսաց լեզվի աջակցությունը, աջակցություն ռուս հայրենակիցների կազմակերպություններին, խորհրդային եւ ռուսական բուհերի շրջանավարտների միություններին, հասարակական դիվանագիտության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության զարգացման մեջ շահագրգռված ոչ կառավարական կազմակերպությունների միջտարածաշրջանային եւ նորարարական համագործակցության առաջխաղացմանը, միջազգային զարգացմանը։

Սերգեյ Ռիբինսկին եւ Իգոր Օրլովը

Օրերս կենտրոն էր այցելել Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ նահանգապետ Իգոր Օրլովի գլխավորությամբ։ Երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաեւ «Առավոտը», նահանգապետը նշեց, որ համատեղ ծրագրերի հաջողությունը հնարավոր է երկու կողմերի փոխադարձ հետաքրքրվածության առկայության դեպքում։ «Երիտասարդությանը ես վերաբերվում եմ որպես գործընկերների, որոնց հետ միասին ստեղծելու ենք մեր ապագան»,- ընդգծեց Օրլովը։ Նաեւ պատմեց Արխանգելսկի մարզում երիտասարդական նախագծերի աջակցության համակարգի իրականացման, որոնողական շարժման, տարածաշրջանում ընթացող երիտասարդական ֆորումների մասին, որոնց կարող են մասնակցել հայ երիտասարդները։ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին էլ փաստեց, որ Հայաստանում ձեւավորվել է ակտիվ երիտասարդների թիմ, որոնք  հետաքրքրված են ռուս-հայկական հարաբերությունների զարգացմամբ։ «Օրինակ, բացվել է նոր ձեւաչափով առաջնորդվող հանրային դիվանագիտության դպրոց»,- նշեց տնօրենը։

Տեղի ունեցավ նաեւ ռուս գրող Ֆյոդր Աբրամովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը հանդիսանում է «գյուղական արձակի» առավել հայտնի ներկայացուցիչներից։ Գրողի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող վահանակներից բացահայտեցինք, որ նրա կյանքում եղել են նաեւ «հայկական էջեր», օրինակ, նա բարեկամական հարաբերություններ է ունեցել մեր գրողների հետ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Սիլվա Կապուտիկյանը։

1978թ. Աբրամովը տիկնոջ՝ գրական քննադատ Լյուդմիլա Կրուտիկովայի հետ այցելել է Երեւան, մասնակցել Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 150-ամյակի միջոցառումներին։ Բազմաթիվ հյուրերի թվում ամուսինները մասնակցել են հանդիսավոր տարբեր միջոցառումների, ունեցել են հանդիպումներ, այցելել եւ ծանոթացել են հուշարձանների պատմությանը։ Տպավորությունների մասին Աբրամովը գրել է. «Այցս Հայաստան սեփական երկրում եւ արտերկրի բոլոր ուղղություններից գրեթե ամենակարեւորն էր։ Առաջին անգամ եղա այդ զարմանալի, անկրկնելի հողում, որն ամբողջությամբ շնչում է բիբլիական ժամանակներով, եւ որով սրընթաց, մեծ քայլերով ընթանում է արդիականությունը»։

Հավելենք, որ Արխանգելսկի մարզի նահանգապետն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի շիրիմին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031