Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվեցին առաջին կուրսեցիները

Հոկտեմբեր 14,2019 11:00

Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մասնակցեցին երդման ավանդական արարողությանը:

Տոնական գունեղ փուչիկներով, կարգախոսներով եւ բարձր տրամադրությամբ էր լցվել Մեծ Լուսավորչի խորհուրդներն իր մեջ ամփոփող տան բակը, իսկ ուսանողներին շնորհավորելու էին եկել բուհի ղեկավարությունը, դասախոսներ եւ  հյուրեր:

ԵՊՀ  Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տերունական աղոթքով սկսեց  իր օրհնության խոսքը: Ապա հավելեց. «Ամեն տարի որպես եկեղեցականի եւ որպես համալսարանականի ինձ ապշեցնում է Մանկավարժական համալսարանի կազմակերպվածությունը եւ այս հրաշալի առաջին կուրսեցիների ոգեւորված հայացքները.  այսպիսի ոգեւորվածությունը փոխանցվում է նաեւ մեզ: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, դուք ընդունվել եք լավագույն  բուհերից մեկը, եթե ոչ ամենից լավագույնը, եւ վստահ եմ, որ ապագայում դուք դառնալու եք հրաշալի մանկավարժներ, երբ ավարտեք բուհը եւ լծվեք մանկավարժի վեհ գործին»: Նա փոխանցեց նաեւ Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:

«Վահափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարին հռչակեց ավանդական ընտանիքի տարի. Դա շատ խորհրդանշական է, եթե հաշվի առնենք ստամբուլյան կոնվեցիայի դրույթները: Իբրեւ երիտասարդներ, ապագա ծնողներ եւ մանկավարժներ՝ դուք ճիշտ կողմնորոշում պիտի ունենաք ընտանիքի կազմավորման հարցում եւ ձեր ավանդապահ եւ հարուստ գիտելիքները փոխանցեք ձեր զավակներին եւ սաներին: Ձեզանից է կախված, թե ինչպիսին եք ուզում տեսնել ձեր ապագա ընտանիքները՝ հայկական, ավանդական եւ ամուր: Եթե ընտանիքն ամուր է՝ ամուր է նաեւ բանակը, եթե բանակն ամուր է՝ ամուր է նաեւ սահմանը, եւ մեր զավակները խաղաղ երկնքի տակ կապրեն: Բարի երթ դեպի գիտելիքը, դեպի գիտությունը եւ դեպի կյանք»,-ամփոփեց  Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքի խոսք հղեց Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Դիմելով առաջին կուրսեցիներին՝ նա ասաց. «Ավ. Իսահակյանը մի առիթով ասել է,  որ հայոց ոգին իր ամենավառ արտահայտությունն ունեցել  է չորս գրքերում, որոնք են՝   Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», Եղիշեի «Վասն Վարդանա եւ հայոց պատերազմին»,  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը եւ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին»:

«Մենք հիմա գտնվում ենք «Վերք»-ի հեղինակի տանը, նրա տիրույթում: Կարդացեք այդ գրքերը եւ առեք ձեր մեջ հայրենասիրական ոգի, նվիրում, կարողացեք Նարեկացու նման նայել ձեր ներսը: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ձեզ լավ կրթություն կտա, կսովորեցնի ինչպես սովորել,  բայց դուք պիտի դա անեք՝ ձեր ներսը նայելով, ինքնակատարելագործվելով եւ Աբովյանի նման  մշտապես նորը փնտրելով, հետո մտնեք դպոց եւ ավանդեք»,- ասաց Դ. Գյուրջինյանը:

«Ինչ էլ ավանդեք՝ մաթեմատիկա, պատմություն, աշխատեք, որ ձեր շուրթերից հնչող հայերենը օրինակելի լինի, եւ այս տարիները իզուր չանցկացնեք»,- ամփոփեց Դավիթ Գյուրջինյանը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը շնորհավորեց առաջին կուրսեցիներին՝ հորդորելով սրբորեն պահել հայ մշակույթը, որովհետեւ մշակույթն է պահում ժողովրդին, բանակն ու սահմանը:  «Փառք մեր բանակին, որն ամուր է պահում մեր սահմանները, բայց մեր հայրենիքը ունի նաեւ հոգեւոր սահմաններ, որոնք կարծես թե անպաշտպան են մնացել արեւմտյան արժեքների ու համացանցի առաջ: Պետք է երեխաների հոգեւոր աշխարհը լցնել մեր հոգեւոր մշակույթով: Առանց հոգեւոր սահմանի չի կարող լիել  ֆիզիկական սահման: Սերունդներին դաստիարակեք հոգեւոր մշակույթով»,-իր խոսքն ավարտեց Համլետ Միքայելյանը:

Առաջին կուրսեցիներին հաջողություններ եւ կանաչ ճանապարհ մաղթեց ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Գեւորգյանը. «Եղեք ավելի ուշադիր եւ զգոն ձեր ապագայի հանդեպ, որ կարողանաք սովորեցնել մյուսներին»:

Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ապագա ուսուցիչներին հորդորեց՝ հավատարիմ մնալ չորս պատգամի. «Մայրենի լեզուն սովորեք եւ պահպանեք, ինչ առարկա էլ դասավանդելու լինեք, ուսումնասիրեք եւ պահպանեք հայ ժողովրդի պատմությունը,  հպարտացեք նրանով, հավատարիմ եղեք քրիստոնեական ավանդույթներին, հայ եկեղեցին մեզ պահող կարեւորագույն հաստատությունն է, պատմության բոլոր դեգերումների ընթացքում մեզ ուժ է տվել հայկական  ընտանիքը, սիրեք եւ հարգեք ձեր ընտանիքները եւ ծնողներին, որ ձեր զավակներն էլ ձեզ սիրեն»:

Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի  առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Բադալյանն ընթերցեց առաջին կուրսեցիների երդման խոսքը: «Երդվում ենք դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինենք դարերի կանչին»,-արձագանքեցին   ուսանողները:

Օրն ամփոփվեց տոնական համերգային ծրագրով:

 

«Առավոտ» օրաթերթ
12.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031