Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաբաց մարզադպրոցը միավորել է մենապայքարային ձեւերի ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 14,2019 10:30

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ըմբշամարտի եւ կարատեի նոր մարզադպրոց ունի, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է վերջերս:

Դպրոցի սաների մի մասը ծնողների հորդորով է սկսել հաճախել մարզադպրոց, մյուս մասը հետեւել է ընկերներին: Բայց բոլորն էլ, ի վերջո, սիրել են սպորտը եւ հաճույքով են հաճախում մարզումների:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի նորանշանակ ղեկավար Լեւոն Ջուլֆալակյանը ողջույնի խոսքում ասել է. «Շատ ուրախալի օր է այսօր: Ուզում եմ բոլորիս շնորհավորել նոր մարզադպրոցի հիմնանորոգման եւ բացման առիթով: Մարզադպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանի մոտեցումը շատ գովելի է: Հուսով ենք, որ մարզադպրոցը շատ-շատ լավ մարզիկներ է տալու, եւ մենք բոլորս ժամանակի ընթացքում ուրախանալու ենք նրանց հաջողություններով»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը նույնպես նշել է, որ տնօրենը եւ իր ընկերներն այս քայլով ցույց են տալիս, որ կանգնած են Հայաստանում զարգացող սպորտի կողքին:

Դպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ընկերներին՝ իրեն աջակցելու համար եւ ասել. «Ես ուզում եմ կարմիր ժապավենը կտելու եւ դպրոցը պաշտոնապես բացելու պատիվը տալ երիտասարդ սերնդին: Ի վերջո, սա նրանց տունն է»:

Արարողությանը ներկա են եղել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրորդ Աշոտ Դանիելյանը, Աշխարհի գավաթակիր, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, WBA, WBC, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը եւ այլ ճանաչված մարզիկներ:

Միջոցառման ավարտին հյուրերը եւ դպրոցի սաները ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին եւ ներքին կահավորանքին:

Մարիամ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031