«Գրին քարտն» ընդհանրապես արտագաղթի ցուցիչ չէ, այդպես չէ, որ արտագաղթը Հայաստանում մեծանում է, կարող եմ ասել, որ հակառակը, հիմա առաջին վեց ամսվա ելումուտի տվյալներն են արդեն երեւում, եւ վեց ամսվա կտրվածքով ընդհանուր ելումուտն ընդամենը 2234-ով է բացասական, ինչը նախորդ տարվա համեմատությամբ երեք անգամ իջել է»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը:
Պարոն Մարկոսյանից հետաքրքրվել էինք, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված տվյալները, որոնց համաձայն, 2018-ին, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, մոտ 39 հազարով ավելի շատ մարդ է դիմել «Գրին քարտի» խաղարկությանը 2016-ի եւ համեմատությամբ: Անցյալ տարվա համեմատությամբ էլ՝ մոտ 14 հազար 500-ով:
Պետդեպի հրապարակած տվյալներով 2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 հազար 725 քաղաքացի, որը 14 հազար 336-ով ավելի է 2017 թ.-ի եւ 38 հազար 871-ով 2016 թ.-ի դիմումներից:
Պարոն Մարկոսյանի խոսքով՝ «Այո, դիմում են, բոլոր երկրներից էլ դիմում են, բայց դիմելիության ցուցանիշով չես կարող ասել, որ արտագաղթն ավելացել է»:
Ըստ նրա, «Գրին քարտով» Հայաստանից շատ քիչ մարդիկ են տարեկան շահում եւ քանի որ ԱՄՆ-ն էլ փոխել է դրա սկզբունքները, համաձայն որոնց Միացյալ նահանգներին անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մարդիկ, նշանակում է, որ գնացողների թիվը կնվազի, քանի որ ամեն մեկը չէ, որ կարող է համապատասխանել այդ չափանիշներին եւ գնալ:
Նախարարության պաշտոնյայի տվյալներով, հայկական անձնագրերով արտագաղթը նվազել է. « Հայկական անձնագրերով այս սեզոնին բացասական է, որովհետեւ արտագնա աշխատանքի մեկնողների խումբ ունեինք, որոնք, պարտադիր վերադառնում են: Այս պահին արտագաղթի ավելացման միտում գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ