Ավելի հեշտ ու ավելի համեղ տաք ուտեստ, որը թե՛ ինքնուրույն կարող է զարդարել սեղանը, թե՛ հրաշալի խավարտ դառնալ մսեղենի համար, չեք կարող գտնել: Տեսքն էլ՝ գայթակղիչ:
Անհրաժեշտ մթերքները
Կարտոֆիլ- 13-15 հատ
Աղ- 1 թեյի գդալ
Կարդացեք նաև
Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
Չորացրած ծիթրոն կամ ուրց կամ պրովանսյան խոտերի հավաքածու- 1 թեյի գդալ
Կարմիր կծու պղպեղ- 1 թեյի գդալ
Սխտորի փոշի – 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները (ցանկալի է վերցնել հնարավորինս մանր եւ համաչափ կարտոֆիլներ) լավ լվանալ: Նկատի ունեցեք, որ կեղեւը չի հեռացվելու, դրա համար պետք է շատ մանրամասն լվանալ, ցանկալի է՝ խոզանակով կամ սպունգով: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը ջուր եւ դնել եփվելու: Հենց ջուրը եռա, կրակը ցածրացրեք, կափարիչ դրեք, թողեք մարմանդ կրակի վրա եփվի: Պարտադիր չէ շատ փափկի, 15 րոպեն լրիվ բավարար է:
Ջեռոցի թավայի վրա դրեք յուղաթուղթ: Կարտոֆիլները հանեք ջրից եւ շարեք յուղաթղթի վրա՝ իրարից որոշակի հեռավորության վրա: Վերցրեք որեւէ բաժակ, եւ տակի մասով սեղմեք յուրաքանչյուր կարտոֆիլը, որ փոքր-ինչ փխլվի: Ջարդած կարտոֆիլները ցողեք ձիթապտղի յուղով, վրան ցանեք մեկական պտղունց աղ, կարմիր պղպեղ, չորացրած կանաչի եւ սխտորի փոշի:
Դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 15 րոպեով: Այդ ժամանակահատվածը լրիվ բավարար է, որ կարտոֆիլն ամբողջությամբ եփվի եւ կարմրի:
Հանեք ջեռոցից եւ մատուցեք տաք-տաք: Թեեւ՝ սառը վիճակում էլ շատ համեղ է: Իսկ եթե հետը նաեւ ձմեռային թթու կամ «ճավիկի» թթու մատուցեք, կստացվի անմահական ուտեստ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ