Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդավարի ու նորմալ

Հոկտեմբեր 13,2019 12:00

Դժվար է պատկերացնել ավելի հեղափոխական ժողովուրդ, քան մեր ժողովուրդն էր մեր թավշյա հեղափոխության ողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ վերջ: Որեւէ մեկս չէինք պատկերացնում, որ կարող ենք գլխիվայր շրջել իրականությունը եւ մեր առաջ բաց անել Նոր Հայաստանի տեսլականը: Հեղափոխությունն ավարտվեց, բայց Նոր Հայաստանի հիմնադիրների ու հեղափոխության առաջնորդների անելիքները չեն ավարտվել: Հեղափոխության ու հեղափոխականների անելիքները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն սկսի ապրել այն կյանքով, որը խոստացել էին մեր թավշյա հեղափոխության առաջնորդներն ու անձամբ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հեղափոխությամբ ոգեշնչված, տոգորված ու ոգեւորված մեր ժողովուրդն անվերապահ ու անմնացորդ էր հավատում:

Եվ հիմա էլ է հավատում: Շարունակում է հավատալ: Եվ, հուսով ենք, առաջիկայում էլ կշարունակի հավատալ, եթե, իհարկե, Նոր Հայաստանի իշխանությունները նաեւ սոցիալական հարցերում իրենց խոստումներն արդարացնեն: Սովորաբար հեղափոխության ընթացքում ոչ հեղափոխության առաջնորդները եւ ոչ էլ հեղափոխության շարժիչ ուժը՝ ժողովուրդը, սոցիալական հարցերից չեն խոսում, բայց բոլորը նաեւ իրենց սոցիալական վիճակների բարելավումն են պատկերացնում ու ակնկալում, եւ հատկապես սոցիալական հարցերին վերաբերող լավ լուրերն են ժողովրդի մեջ արագ տարածվում:

Արդեն ժողովրդի մեջ խոսվում է, որ Նոր Հայաստանի իշխանությունները մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել քաղաքացիների կենսաթոշակները: Ընդ որում՝ էականորեն են բարձրացնելու: Չնայած…… Ինչպես էլ անեն, Հայաստանում դժվար է կենսաթոշակների հարցում արդարություն հաստատել: Որ Հայաստանում ընդհանուր առմամբ քաղաքացիների կենսաթոշակները չափազանց ցածր են, դա բոլորի համար պարզ է, եւ որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չափազանց դժվար է կենսաթոշակների հարցում թեկուզ փոքր-ինչ հավասարություն ու արդարություն հաստատել, դա էլ է բոլորի համար պարզ: Ինչպես էլ կենսաթոշակները բարձրացնեն, դժգոհողներ շատ են լինելու: Որովհետեւ մեզանում կենսաթոշակները չափազանց անարդարացի, չափազանց անհավասար եւ նույնիսկ չափազանց անտրամաբանական են սահմանված: Եվ այս ասպարեզում արդարության գոնե փոքր-ինչ հաստատումը չափազանց ծանր ու պատասխանատու գործ է:

Դժվար է այնպես անել, որ բոլորը գոհ մնան: Որ քննիչը կամ դատավորը ուսուցչից կամ դասախոսից մի քանի անգամ ավելի կենսաթոշակ է ստանում, դա, իհարկե, տարօրինակ է: Բայց որ ուսուցչից, դասախոսից ու գիտաշխատողից մի քանի անգամ ավելի կենսաթոշակ են ստանում շարքային միլիցիոներներն ու ավտոտեսուչները, դա, իհարկե, ավելի տարօրինակ է:

Ժողովուրդն Ազգային ժողովի պատգամավորներ է ընտրում, որպեսզի վերջիններս մտածեն ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ եւ պայքարեն հանուն արդարության՝ բոլոր բնագավառներում:

Բայց մեր Ազգային ժողովի պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է դժգոհել կամ անարդարություն համարել այն, որ ինքը ուսուցչից կամ դասախոսից հինգ, վեց, երբեմն նույնիսկ  յոթ անգամ ավել  կենսաթոշակ է ստանում:  Իհարկե, չի դժգոհի: Ընդամենը մի անգամ սողոսկում ես Ծառուկյանի, Մարուքյանի կամ որեւէ ուրիշի պատգամավորական ցուցակ եւ ամբողջ կյանքում ուսուցչից վեց ու յոթ անգամ ավել կենսաթոշակ ես ստանում: Լավ է, չէ՞: Ինչո՞ւ եմ ուսուցչին օրինակ բերում: Որովհետեւ ուսուցիչը մեզանում ամենաազնիվ ու ամենածանրաբեռնված աշխատող խավն է, եւ կոռուպցիայի իմաստով էլ՝ ամենամաքուր, եւ կենսաթոշակի չափերը որոշելիս էլ Նոր Հայաստանի ղեկավարությունն ուսուցչին չպիտի անտեսի, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, որ հիմա էլ ուսուցչին պիտի ուրիշներից հինգ ու վեց անգամ շատ վճարեն: Ասածս այն է, որ Հայաստանում չպիտի չափազանց ցածր կենսաթոշակ ստացողներ լինեն: Իսկ այս պահի դրությամբ Հայաստանում ուսուցիչներն ու շատերը չափազանց ցածր կենսաթոշակ են ստանում: Այնքան, ինչքան որ բավարար չէ Հայաստանում նորմալ ու մարդավարի ապրելու համար:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031