Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հոկտեմբեր 12,2019 21:03

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16, ԳԼՈՒԽ 17

ԳԼՈՒԽ 18

Մարդասպան. կորի՛ր գրողի ծոցը

Տունը խարխուլ էր, փայտաշեն, տեղ-տեղ ցանցկեն տանիքով, ծխնիների վրա դժվարությամբ տարուբերվող դուռ-պատուհաններով, որ վաղուց կորցրել էին երբեմնի շուքը, քանզի ուռել՝ ճկվել էին ջերմային տատանումներից, իսկ ներկը ծլեպ-ծլեպ թափվել էր։ Պատերն ի վեր մագլցում էին աներես բաղեղներ՝ խորհրդավորության շուք հաղորդելով անտերունչ կացարանին, վկայելով մարդկանց բացարձակ բացակայությունը։ Կար փոքրիկ նախամուտք ու ընդամենը մեկ սենյակ, որ բավական փոքրածավալ էր նույնպես։

Ալեքսանդր Գոմեսը սիրեց այս տունը առաջին իսկ հայացքից։ Հենց այսպիսի մի անկյուն էր նա երազում, հենց այսպես էր պատկերացնում բռաչափ այգին, որն արտասովոր հրապուրիչ էր իր անմշակ գեղեցկության մեջ։ Չկային անցուղիներ ու կածաններ չկային, քանզի առնաչափ խոտն իսպառ ջնջել էր ոտնահետքեր, որոնք աշխարհում եղել էին երբևէ։

Կապիտանը չէր վախենում աշխատանքից ու չէր խորշում։ Նա մեծագույն հաճույքով էր վերանորոգում տանիքն ու տեղ-տեղ փտած տախտակներով հատակը, վերացնում էր այլևայլ անսարքություններ, որոնք չեն կարող լինել անգամ ամենապարզ կենցաղով ապրող մարդու կյանքում։

Հետո նա կահավորեց սենյակն ու անցավ այգեգործական աշխատանքներին։

Մոտերքում այլ կացարաններ չկային. կատարյալ առանձնություն էր ու մենություն։ Նա անգամ իր հեռախոսահամարն էր կոծկել, և քաղաքակիրթ աշխարհից եկող ձայները պապանձվել էին։

Ժամանակի սլաքը թաղվել էր զուսպ համրության մեջ։

Երբեմն խանութ էր գնում «Ֆորդ» մակնիշի հնաոճ իր ավտոմեքենայով, երբեմն նստում էր Վեսթֆիլդի միակ գարեջրատանը՝ անծանոթ մարդկանցից հեռու, ֆերմերների զվարթ խոսակցություններից զերծ։ Գյուղում շրջանառվում էին շշուկներ, որոնք ճշմարտության փշրանքներ ունեին։ Մարդկանց հետաքրքրասիրությունն այնուամենայնիվ շփվում էր նրա կյանքի հետ անուղղակի կերպով, իսկ զրուցասեր կանայք հարցուփորձ էին սկսում իրենց վաճառասեղանների ետևից՝ անծանոթին խոսակցության մեջ ներքաշելու փորձեր կատարելով։

Տարօրինակ, դարձդարձիկ քայլվածքով անծանոթը մնում էր ուշադրության կենտրոնում։ Քանզի զրուցասեր լեզուները պնդում էին, թե նա հերոս է, պատերազմի վետերան, կյանքում իր տեղը չգտնող անձնավորություն։ Մեծամասնության մեջ էին մարդիկ, ովքեր ատում էին բռնությունը, բայց և սխալվում էին չարաչար՝ պատերազմ տեսած զինվորին ոճրագործության կամակատար համարելով։ Նրանք հապաղում էին դեռ՝ տեղեկությունների հավաստիությունը ստուգելով, բայց հեռու չէր այն օրը, երբ հասարակական պարսավանքն էր մոտենալու Ալեքսանդր Գոմեսի կացարանին՝ նրա երանելի առանձնության մեջ թույն ներարկելով։

Հետագայում կգրվեն գրքեր և գիտական աշխատություններ, որոնք անպատվաբեր բառեր կշպրտեն հասարակության հասցեին՝ դատապարտելով բոլոր այն ցույցերն ու անկարգությունները, որոնք պարսավում՝ հեղինակազրկում էին Վիետնամից վերադարձած զինծառայողներին՝ ոմանց ինքնասպանության հասցնելով։ Ժամանակավրեպ ափսոսանքով կհիշվեն բոլոր նրանք, ովքեր չհասկացված մնացին ռազմադաշտում և առավել չհասկացված եղան տանը։ Անձնասպանության գնացող զինվորականների վարքագիծը կստանա գիտական համապատասխան բնորոշում. «Վիետնամական սինդրոմ», որի բուն արմատը հասարակության մեջ մերժված լինելու զարհուրանքն էր։ Քանզի դա մի ժամանակ էր, երբ գործատերերը դռներ էին փակում նախկին զինվորականների առջև՝ նրանց աղքատության և հուսահատության գիրկը նետելով, իսկ պետությունը հապաղում էր հայրենասիրական պարտք վճարելիս։

Բախում տեղի ունեցավ աշնան առաջին օրերին, երբ Ալեքսանդր Գոմեսն արդեն մի քանի ամիս բնակվում էր մեկուսի իր կացարանում։ Սովորականի պես տնից դուրս գալով՝ կապիտանն ուղղվեց դեպի այգու հեռավոր անկյունը, որտեղ ծառեր էր հատել՝ փեթակներ դնելու տեղ նախապատրաստելով։ Այստեղ, օրհնյալ խաղաղության այս տարածքում բարձր ձայներ չէին հնչում երբեք, և կապիտանն արդեն ետ էր վարժվել Նյու Յորքին բնորոշ աղմուկից։ Դրսում ծավալվում էին իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին կոկորդալի գոռում-գոչյուններով ու աֆրիկական թմբուկների բամբ որոտներով։

«Այ քեզ բան,- զարմացավ կապիտանը,- տեսնես սա ինչ կարող է նշանակել»։

Վերադարձավ եկած ճանապարհով, ու անակնկալն ապշեցրեց նրան։ Մարդկային ստվար մի զանգված էր կուտակվել այգու դռնակին մերձ։ Նրանք բռնել էին երկար, ուղղանկյունաձև մի պլակատ, որի սև պաստառին կարմիր տառերով գրված էր. «Մարդասպա՛ն։ Կորի՛ր գրողի ծոցը»։

Նողկալի, ցածր վիրավորանքից մի պահ ընդարմանալով՝ Ալեքսանդրը դեռ ուսումնասիրում էր նրանց և չգիտե՛ր, բնավ չգիտեր, թե ինչ է անելու հետո։ Կապիտանին ապշեցրել էր նրանց աչքերում ակնհայտ ատելության փայլը, որի նմանը վերջին անգամ տեսել էր վիետնամցի գյուղացու աչքերում, գնդակահարությունից ակնթարթներ առաջ։

– Ես ընդամենը մի րոպեում կցրեմ ձեր ոհմակը,-հանկարծ մռնչաց Գոմեսը,- և դուք կհասկանաք, թե կոկորդն ինչպես է խցանվում արյունով։

Թիկունքն ամբոխին դարձնելով՝ նա շարժվեց տան ուղղությամբ։ Օրենքով ամրագրված ատրճանակը գրասեղանի դարակում էր։

– Վախեցավ, տեսա՞ք ոնց վախեցավ,- բղավեց ինչ-որ մեկը, և ամբոխը ալիքվեց լպիրշ ծիծաղով։

– Ծիծաղում է նա, ով կենդանի է մնում,- քթի տակ ժպտալով՝ շշնջաց կապիտանն ու մտավ ներս։ Նա արդեն վերցրել էր սիրելի զենքը, որից չէր բաժանվում երբեք, բայց խելամտության ձայնն այլ առաջարկ բարձրացրեց բանականության մեջ։ Կապիտանը կանգ առավ։

«Այո, իհարկե, սա արյուն թափելու տեղ չի,- մտածեց Ալեքսանդրը,- իսկ այս պատերազմը շատ ավելի բարոյազուրկ է, քան սպանդի օրենքը, որ քեզանից որևէ այլ բան չի պահանջում՝ սպանելուց բացի»։

Լսափողը վերցնելով՝ կապիտան Գոմեսը հավաքեց ոստիկանության հեռախոսահամարը։

– Ձեզ լսում է շերիֆի օգնականը։

– Ես Ալեքսանդր Գոմեսն եմ, թիվ 64 տան բնակիչը։ Մի խումբ մարդիկ են հավաքվել իմ կացարանի առաջ, վիրավորական խոսքեր են բղավում և խանգարում են անդորրս։ Խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք։

Լսափողի մյուս ծայրում մի պահ խորը լռություն տիրեց, կարծես հանկարծամահ եղավ խոսակիցը սրտի կաթվածից։ Ապա, ակնթարթ անց, Օգնականը մաքրեց կոկորդն ու պատասխան շպրտեց. «Ընդունված է»։

«Այլևս դուրս չեմ գա։- Կապիտան Գոմեսը խոսում էր իր հետ համոզողի ձայնով։- Այլապես մի քանիսին շանսատակ կանեմ, իսկ ես բանտ գնալ չեմ ուզում»։

Աղմուկը շարունակվեց ևս մի քսան րոպե, որից հետո ժամանեցին ոստիկանության մեքենաներն, ու իրադարձություններն այլ ընթացք ստացան։ Պարապ-սարապները հանձնվեցին առանց դիմադրության, ուստի և՝ ձերբակալության անհրաժեշտություն չառաջացավ։

Ծանրամարմին մի մարդ բացեց դուռը։ Շերիֆի օգնականն էր։

– Դո՞ւ ես Ալեքսանդր Գոմեսը։

– Այո։

– Մենք որոշ թղթեր նայեցինք մինչ այստեղ գալը։ Ուրեմն «Մարտական արիության խաչով» վերադարձած վետերանը դո՛ւ ես։ Ուզում եմ սեղմել ձեռքդ, կապիտան։ Իմ հարգանքը քեզ։- Եվ օգնականը հանեց գլխարկը։- Նման ամոթալի ցույցերն այսօր սովորական բան են Ամերիկայում։ Սրտին մոտ ընդունելու կարիք չկա, իսկ եթե համանման միջադեպեր լինեն ապագայում, կխոսես անձամբ ինձ հետ։ Կզանգես ոստիկանություն ու կասես. փոխանցեք լսափողը ծերուկ Մորիս Հարպերին։

– Շնորհակալ եմ։- Ալեքսանդրը կարողանում էր մարդ ճանաչել առաջին իսկ հայացքից։ Եվ հիմա, մեծահոգի այս տղամարդուն՝ Մորիս Հարպերին ուսումնասիրելով, կապիտանը մտածում էր. «Վերջապես մի կարգին մարդ գտա, Հովհաննես Կանայանին չհաշված»։

– Խմե՞նք մի բաժակ։

– Ախա՜ր…

Օգնականը ոտքը կախ էր գցում։

– Գիտեմ, ծառայության մեջ չի կարելի, բայց դե՜…

Վիսկի լցնելով՝ Ալեքսանդրը մատուցեց բաժակն, ու նրանք ողջություն ցանկացան միմյանց՝ հենց ոտքի վրա պարպելով ոգելից հեղուկով գավերը։

– Դե, լավ մնա,- ասաց Հարպերը՝ Ալեքսանդրի ուսին թփթփացնելով։- Չվախենա՛ս։

– Երբեմն համեցեք,- օգնականի ծանր ուսն ի պատասխան ցնցելով՝ ասաց Գոմեսը։

– Լավ, տեսնե՛նք։

Եվ հաճելի մարդը ծածկեց դուռն իր ետևից։

 

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել