Իվետա Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան» երգի տեսահոլովակն արդեն բազմաթիվ դիտումներ ունի: Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, տեսահոլովակը նկարահանվել է Գրիգոր Կյոկչյանի եւ Lazzaro-ի «Իմ անուշ Հայաստան» երգի հիման վրա: Երգչուհին սիրով պատասխանեց Aravot.am-ի հարցերին:
«Կարծում եմ՝ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ պետք են հայկական նոր երգեր, որոնք կլինեն ռիթմիկ, ժամանակակից: Այս տեսահոլովակում փորձել ենք ներկայացնել մեր ավանդույթները և տոները ժամանակակից շնչով: Տեսահոլովակում կան բուրդ չփխելու, խաղող ճզմելու, բախտախաղի տեսարաններ, տոներից անդրադարձել ենք Վարդավառին, Ջանգյուլումին, Տյառնընդառաջին: Առհասարակ, այս տեսահոլովակը ստեղծելիս մեծ հույս եմ ունեցել, որ այն երկար կյանք կունենա, կդառնա մնայուն:
Օրինակ՝ «Հայաստան ջանը», «Հայաստանի աղջիկները» սիրվել են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, դպրոցներում, պարային խմբակներում հենց այս երգի ներքո են շատ բեմադրություններ անում, ինչն, իհարկե, ինձ համար շատ մեծ հպարտության առիթ է: Հուսամ՝ «Իմ անուշ Հայաստան»-ն էլ նույնքան կսիրվի»,-նշեց Իվետա Մուկուչյանը:
Կարդացեք նաև
«Ես միշտ կատակով նշում եմ, որ կա երկու Իվետա՝ մեկն ավելի եվրոպական, քանի որ նորություն չէ, որ ես Գերմանիայում եմ մեծացել, մյուսն՝ ավելի հայկական: Քանի որ ես մեծամասամբ նաև երգերիս հեղինակն եմ, ինձ համար կարևոր է, որ ցանկացած երգ ստեղծելիս հանուն կոմերցիայի չդավաճանեմ տեսակիս: Եթե խոսքը հայերեն երգերի մասին է, ապա կարծում եմ, որ իսկապես այսօր նոր, ռիթմիկ երգերի պահանջ կա,երգերի, որոնք իրենց մեջ ժամանակի շունչն են պարունակում»,-հավելեց երգչուհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ