Հոկտեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ կկայանա «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Ղեւոնդյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննությունը։ Արմենը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34- 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողություն եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս 20 օր ժամկետով։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները դատապարտյալին տվել են բացասական զեկույցներ։ Ըստ դրանց, «դատապարտյալը չնայած դրական վարքագիծ է դրսեւորել պատժի կրման ընթացքում, սակայն նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»: Արմենի խոսքով՝ նման եզրահանգման գալու համար հիմք է նախկինում երկու անգամ դատապարտված լինելը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Արմեն Հովհաննիսյան) մերժեց վաղաժամկետ պայմանական ազատելը՝ նախկինում դատապարտված լինելու պատճառաբանությամբ։
«Պատկան մարմինները մոռանում են, որ մարդու մտածելակերպը փոխվում ա, առաջին հանցանքս 18 տարեկանում եմ արել, հիմա 30 եմ։ Փակի տակ մնալը ահագին բան ա սովորեցնում։ Առաջվանը չեմ»,- ասում է Արմենը։ 2007 թվականին, երբ առաջին անգամ դատապարտվեց, ներման խնդրագրով դիմեց երկրի նախագահին։ Ուզում էր ներում ստանալ եւ գնալ բանակ։ Բայց մերժեցին։ «Գուցե՞ ներեին ու բանակում կյանքս լրիվ փոխվեր։ Դա կլիներ իմ առաջին ու վերջին հանցանքը»,-մտածում է Արմենը։ Դասընթացների է մասնակցում՝ հայոց լեզվի, անգլերենի:
Համակարգչային գիտելիքներ է ձեռք բերել ու հիմա բիզնեսի հմտություններն է ուսումնասիրում։ Վերասոցիալականացման միջոցառումներին է մասնակցում։ Հակումներ ու կախվածություններ չունի։ Տուժողի հետ խնդիր չունի, ֆինանսական հարցեր չկան։ Առողջական խնդիրներ ունի, հաշմանդամ մոր խնամակալն է։«Էսքանից հետո գտնում են, որ իբր ռիսկայնությունս բարձր ա։ Ես ուղղվել եմ։ Էս ճանապարհը իմը չի։ Էն ժամանակ ջահել էի՝ քամիներ կային գլխիս մեջ»,-նշեց Արմեն Ղեւոնդյանը։ Ազատվելուց հետո աշխատելու է, ընտանիքի հոգսն է թեթեւացնելու։
Կարդացեք նաև
Ընտանիք կազմելու մտադրություն ունի։ Արմեն Ղեւոնդյանը շատ է ուզում հոկտեմբերի 17-ին տուն գնալ։ Հավատում է, որ վերաքննիչ քրեական դատարանը արդար որոշում կկայացնի։ «Էսքան խոսում-գրում են՝ բարեփոխումներ, վաղաժամկետ ազատման հետ կապված պարզեցումներ։ Ո՞ւ մ են պետք դրանք, եթե ոչ մի բան հաշվի չեն առնում։ Նախկինում դատված ես եղել ու վերջ։ Ճակատագիրդ որոշված է ու մինչեւ պատժիդ վերջը մնա փշալարով փաթաթված հսկայական պատերի ներսում»,- ասում է Ա. Ղեւոնդյանը։ Նրա խոսքով՝ նախկինում հանցանք կատարելու համար մարդը պատիժը կրում է, ինչ կարիք կա տարիներ առաջվա պատմությունը նախադեպ դարձնել։
«Է՞լ ուր մնաց վերասոցիալականացումը։ Մեզ հետ մարդիկ են աշխատում՝սոցիալ-հոգեբաններ, դասընթացավարներ։ Կնշանակի՝ որ աշխատավարձ իզո՞ւր են ստանում, չե՞ն կարողանում մեզ ուղղել»,-ասում է Արմենը։ Նա նոր Հայաստանի իշխանություններին խնդրում է ուշադրություն դարձնել այս ամենի վրա եւ խոսքը գործ դարձնել։ «Պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը հեշտացնել է պետք։ Ու վերջապես թող մարդուն դիտարկեն ներկա պահով, ոչ թե անցյալի մեր սխալները մեկ անգամ եւս ի ցույց դնեն ու մերժեն», -ասաց Արմեն Ղեւոնդյանը.
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ