Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կոնվենցիայի հիմնական գործառույթը կանանց հանդեպ բռնության կանխումն է: Նման եզրահանգման է եկել Վենետիկի հանձնաժողովը: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար:
Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում Ստամբուլի Կոնվենցիայի կարիքը չկա, Վենետիկի հանձնաժողովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտանեկան բռնությունը տարածված է եվրոպական բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուստի Կոնվենցիայի վավերացումը կօգնի բռնության զոհերին: Կոնվենցիան հատուկ ուշադրություն է դարձնում կանանց հանդեպ բռնությունների դեպքերին և առաջարկում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ՝ մի բան, որը գոյություն ունեցող փաստաթղթերում բացակայում է: Վավերացնելով միջազգային փաստաթուղթը՝ իշխանությունները փաստում են, որ լուրջ են վերաբերում խնդրին:
Ինչ վերաբերում է Կոնվենցիայի որոշ խնդրահարույց կետերին, որոնք կարող են հակասել ՀՀ Սահմանադրությանը, Վենետիկի հանձնաժողովն առանձնահատուկ դիտարկել է «գենդեր», «գենդրային ինքնություն», «սեռական կողմնորոշում», ինչպես նաև «ընտանիք» և «ամուսնություն» տերմինները: Արձագանքելով այն պնդումներին, որ Ստամբուլի Կոնվենցիան այսպես կոչված տրոյական ձի է գենդերային գաղափարախոսության համար, որի նպատակն է փոխել պետությունների մշակույթը և ստիպել վերջիններս ժխտել կենսաբանական տարբերությունը կանանց և տղամարդկանց միջև, ապա Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է՝ Կոնվենցիան հստակ մատնանշում է տարբերությունը «սեռի»՝ որպես կենսաբանական իրողության և «գենդերի»՝ որպես սոցիալական իրողության միջև: Հայաստանի Սահմանադրությունում գենդերի մասին հիշատակում չկա, բայց այն երաշխավորում է հավասարություն տղամարդկանց և կանանց միջև: Ստամբուլի Կոնվենցիան պետությանը չի պարտավորեցնում միջոցներ ձեռնարկել տարբեր կատեգորիայի անձանց ճանաչել կամ նրանց գենդերային ինքնության հիման վրա հատուկ կարգավիճակ շնորհել: Այն ուղղակի հաստատում է, որ գենդերային ինքնությունը խտրականության արգելված հիմքերից մեկն է: Դա նշանակում է, որ անհատին չի կարելի զրկել բռնությունից պաշտպանվելու կամ զոհի կարգավիճակ ունենալու իրավունքից՝ նրա գենդերային ինքնության պատճառով: Այս մոտեցումը կարծես թե համատեղելի է ՀՀ Սահմանադրության գենդերային հավասարությանը վերաբերող դրույթներին:
Նույնը վերաբերում է նաև սեռական կողմնորոշմանը. Ստամբուլի կոնվենցիան այդ մասին հիշատակում է միայն ոչ խտրականության մասին դրույթում: Այն չի պարտադրում պետություններին, որոնք չեն ընդունում սեռական փոքրամասնությանը պատկանող անձանց օրինական իրավունքի առկայությունը, ներդնել այդպիսի գաղափար իրենց ներքին իրավակարգում: Ստամբուլի կոնվենցիան նաև չի պարունակու ընտանիքի, զուգընկերային կամ նույնասեռական հարաբերություններ սահմանում և ոչ էլ պրոպագանդում է այդ հարաբերություններից որևէ մեկը: Ամուսնության մասին հիշատակում կա միայն ստիպողական ամուսնության համատեքստում: Ուստի Ստամբուլի Կոնվենցիան չի հակասում ազգային սահմանադրություններին, որոնցում ամուսնությունը սահմանված է որպես կնոջ և տղամարդու միություն, ինչպես Հայաստանում: Նույն կերպ Ստամբուլի Կոնվենցիան պետություններին չի պարտավորեցնում օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է պնդումներին, որ Ստամբուլի Կոնվենցիան նոր պարտավորություններ է բերում ապաստան տրամադրելու մասին օրենքում, Վենետիկի հանձնաժողովը մեկնաբանում է, որ Կոնվենցիայի վավերացումը չի նշանակում, որ բոլոր կանայք ավտոմատ փախստականի կարգավիճակ կստանան: Բացի այդ Կոնվենցիան չի միջամտում երեխաներին կրթելու ծնողների իրավունքին, այլ Պետություններին խրախուսում է ուսումնական նյութերում ներառել ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին նյութեր: Անդրադառնալով այն պնդումներին, որ մասնագետների զեկույցները կարող են հանգեցնել գաղտնիության խախտման, հանձնաժողովը փաստում է՝ Ստամբուլի Կոնվենցիան չի ազատում մասնագիտական գաղտնիությունից, պարտադիր զեկուցում չի նախատեսվում: Վենետիկի հանձնաժողովը հույս է հայտնել, որ այս վերլուծությունը կարող է օգնել Հայաստանի Սահմանադրական դատարանին Ստամբուլի Կոնվենցիայի համատեղելիությունը Սահմանադրության հետ գնահատման խնդրում և ներդնում ունենալ Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ հանրային քննարկումներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ