«Այս տարի կունենանք 7% (+/-) տնտեսական աճ, որը բավականին բարձր ցուցանիշ է ԵՏՄ եւ եվրոպական տարածքներում: Դա, իհարկե, այն ցուցանիշը չէ, որից պետք է մեզ շատ երջանիկ զգանք»,-«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա ոչ այնքան հաջողություն եմ համարում, որքան հնարավորություն»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ արձանագրված հայաստանյան տնտեսական ցուցանիշները փաստում են, որ կառավարության տնտեսական հավակնություններն իրական են:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ գործարար միջավայրին՝ շեշտելով, որ կառավարությունը կանգնած է նրանց թիկունքին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից. «Գործարարների շրջանում այլեւս չկա ընդդիմադիր-իշխանամետ բաժանումը: Գործարարների շրջանում թշնամություն չկա, նրանց մենք համարում ենք մեր դաշնակիցները, առանց որոնց հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել: Ամեն գործարար իրեն պետք է պաշտպանված զգա, որովհետեւ կառավարությունը չի արձանագրել սեփականության վերաբաշխման որեւէ դեպք»:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ. «Որոշ ակնհայտ դեպքեր կան, որոնք, թվում է, թե քաղաքական նպատակներով պետք է լուծվեն, բայց մենք չափից ավելի զուսպ ենք մեզ պահում, որպեսզի գործարար շրջանում անորոշության որեւէ զգացում չառաջանա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ