Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի ծանրության կենտրոնը տեղափոխվում է ներքին պարտքի, աղբյուրների ներգրավման վրա․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2019 11:54

Կառավարությունը հոկտեմբերի սկզբին հավանություն տվեց «2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։ Իշխանական շարքերում «տպավորիչ ու աննախադեպ» են որակում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։

Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ, մինչեւ դեկտեմբերի վերջը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ըստ նախագծի՝ 2020 թ․ բյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Ու քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետեւաբար, բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

Համեմատենք․ 2019-ի բյուջեն կազմում էր 1 տրիլիոն 496 մլրդ, 2018–ինը` 1 տրիլիոն 308 մլրդ, 2017-ինը` 1 տրիլիոն 210 մլրդ դրամ։ 2020-ի բյուջեն Հայաստանի պատմության ամենամեծ բյուջեն է, իսկ որտեղի՞ց է կառավարությունը շուրջ 200 մլրդ ավել գումար գտել․ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ։

– Իշխանությունը համարում է, որ տպավորիչ բյուջե են կազմել, շեշտակի աճել են եկամուտները։ Ինչպիսի՞ն է, Ձեր բնութագրմամբ, բյուջե-2020-ը։

– Այո, բոլոր կոմպոնենտներով աճել են, դեֆիցիտն աճել է մոտ 31 մլրդ-ով, այս ծրագրված 151 դեֆիցիտի փոխարեն 46 մլրդ է լինելու, որովհետեւ ծախսերի մի զգալի մասը, իրենց իսկ կանխատեսումներով, թերակատարվելու են, որովհետեւ կան խնդիրներ հատկապես կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, պետական գնումների, մի շարք այլ ուղղությունների գծով թերակատարումներ են լինելու, եւ այս իմաստով, այո, դեֆիցիտը ծրագրվածից շատ ցածր է լինելու․ 1.6 տոկոսի փոխարեն՝ 0.6։ Հաջորդ տարվա համար 2.6 տոկոս դեֆիցիտ է ծրագրված, որը կայունության սահմաններում է, 3 տոկոսն է համարվում կայունության «առաստաղը»։

– Ըստ նախագծի՝ եկող տարվա դեֆիցիտը նախատեսվում է լրացնել հիմնականում ներքին աղբյուրների հաշվին, սա նշանակում է, որ ներքին պետական պա՞րտքն է աճելու։ 

– Արտաքին աղբյուրներից նույնպես միջոցներ ներգրավվելու են, բայց, այո, ծանրության կենտրոնը պետական պարտքի տեղափոխվում է ներքին պարտքի, աղբյուրների ներգրավման վրա։ Դեֆիցիտի մեծ մասը, փաստորեն, փակվելու է պետական պարտատոմսերի թողարկման եւ վերաբաշխման միջոցով։ Մի կողմից սա լավ է, բայց, բոլոր դեպքերում, ինչ-որ տեղ ավանտյուրա է հիշեցնում, քանի որ չի կարելի այդ գործիքը չարաշահել։ Երեւի թե օրենսդրական փոփոխությունների պահանջ կա, եւ այդ քվոտան ինչքանո՞վ պետք է ներքին պարտքը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր օգտագործել կարճ ժամկետի հատվածում․ երկարաժամկետ հատվածում դա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել, գնաճային լուրջ ճնշումներ առաջացնել, որովհետեւ կառավարությունները, որպես կանոն, այդպիսի գայթակղություն ունեն՝ այսօր պարտքը վերցնել, իսկ վաղը, չէ մյուս օրը պարտքը փակելու համար դիմել տպող մեքենայի, իսկ դա գնաճային ռիսկեր կարող է առաջացնել։
Արտաքին եւ ներքին աղբյուրներից ֆինանսավորման ռեժիմները տարբեր են։ Երբ դուք դրսից եք վերցնում, ձեզանից պահանջում են ծրագիր՝ նպատակային ծրագրեր։ Բնականաբար, արտաքին աղբյուրներից վարկավորումն ավելի նպատակահարմար է, խոսքը եվրոբոնդերի շուկայի մասին չէ, որ կառավարությունն այս տարվա համար այդ տրյուկն արեց։

– Իսկ նախատեսվող տնտեսական աճի մասին ի՞նչ կասեք։

– Հիմնական ակնկալիքները կապված են եկող տարվա տնտեսական աճի հետ, որը, մեղմ ասած, բավական համեստ, ոչ հեղափոխական կանխատեսում է։ Ինչու հեղափոխական չէ՝ որովհետեւ աշխարհում ընդհանուր միտումն է նաեւ այդպիսին։ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են իրենց կանխատեսումները համաշխարհային տնտեսության, նաեւ՝ ռեգիոնալ տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, իջեցրել են։ Երեւի մեր կառավարությունն էլ հաշվի է առել այդ հանգամանքը եւ բյուջետային ուղերձում ավելի համեստ կանխատեսում է դրել՝ 4.9 տոկոս տնտեսական աճ։ Իմ կարծիքով՝ այս համեստ ցուցանիշի կանխատեսման պատճառները մի քանիսն են՝ նախ հիմնական աճի շարժիչները՝ դրայվերները, նախորդ եւ այս տարվա համար եղել են խաղաբիզնեսը՝ կազինո, վիվառո, լոտո, տոտո, ֆուտբոլի աշխարհի առաջնություն եւ այլն։

Այս տարի իներցիայով եւս շարունակվել է։ Բայց կազինոների վրա անվերջ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ընդհանրապես՝ շահումով խաղերից շահում են միայն կազմակերպիչները, իսկ մարդիկ, ովքեր խաղադրույքներ են անում, երկարաժամկետում, որպես կանոն, տանուլ են տալիս։ Սա աքսիոմա է։ Մյուս գործոնը, որ նախորդ եւ այս տարիներին տնտեսական աճ է ապահովել եւ ակտիվություն մտցրել, ավտոներկրումն է։ Հայաստանը վեր է ածվել ավտոմեքենաների գերեզմանոցի, դա փաստ է․ 10, 15, 20 տարվա հնության պայթած, ջարդուփշուր եղած ավտոմեքենաները ամերիկյան աճուրդների համակարգով ներկրվել են Հայաստան։ Դրանք, ի վերջո, եւ աշխատատեղեր են, քանի որ վերանորոգվում են, մասկիրովկա են արվում, վաճառվում բավական լավ գներով, գնորդներն էլ Ռուսաստանից, Ղազախստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից են հիմնականում։ Բայց այդ աճի ռեսուրսը սահմանափակ է, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից այդ պայմանագրահենքով նախատեսված սահմանափակումները մաքսասակագնային կարգավորումների եւ երկրորդ այդ գործոնն էլ է մեջտեղից դուրս գալիս։ Մնում է իրական ռեսուրսների հաշվին, այսպես ասած՝ բնականոն տնտեսական աճին ապավինելը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031