ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ:
Արդեն նշել ենք, որ 2019թ. հուլիս ամսվա նկատմամբ արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալների առումով գրանցվել է 0.2%-անոց աճ: 2019թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ գրանցված աճը կազմել է 109.5%: Սա վերջին փուլի համար ոլորտային առումով ամենաբարձր ցուցանիշներից է, որ գերազանցել է անգամ տնտեսական աճը ապահովող հիմնական ճյուղերի առևտրաշրջանառությանը, որ կազմել էր 109%: Դա, իհարկե, ողջունելի է, քանի որ արդյունաբերությունն, ի վերջո, տնտեսության ռեալ հատվածն է ներկայացնում: Հատկապես, որ հունվար ամսին արդյունաբերության աճը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 53.9%, այսինքն՝ ավելի քան 46%-անոց անկում է գրանցվել:
Առաջին եռամսյակի արդյունքներով այս ոլորտի անկումը կազմել է շուրջ 33%: Դրանից հետո՝ ապրիլին, անկումը 3% էր, և միայն մայիսից սկսած է, որ ամսական 5-6%-անոց աճ է արձանագրվել: Արդյունքում օգոստոսին ունեցել ենք 9.5%-ով վերելք արդյունաբերության ոլորտում: Քանի որ տնտեսության այս ճյուղը շատ ընդգրկուն է և իր մեջ ներառում է՝ սկսած հանքարդյունաբերությունից ընդհուպ մինչև սննդի ու խմիչքեղենի արտադրությունը, փորձենք մի քանիսի օրինակով հասկանալ, թե հատկապես որ ենթաճյուղերում, որ արտադրատեսակների արտադրությունում է ոլորտը վերելք ապրել:
Ամբողջ արդյունաբերության մեջ ամենամեծ աճերից մեկը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում: Ընդ որում, բացհանքերի շահագործման՝ 114.8%: Այստեղ էլ ամենամեծ աճն ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում՝ 115.4%: Պղնձի խտանյութի արտադրության ծավալները աճել են 107.9%-ով, մոլիբդենի խտանյութինը՝ 128.7%-ով: Հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերում աճը եղել է 113.9%: Իսկ հանքագործական արդյունաբերության հարակից ճյուղերում գրեթե 65%-անոց անկում է գրանցվել:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ անկախ խոսակցություններից, թե ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը նվազել է, միևնույն է՝ հանքարդյունաբերության շահագործման ծավալները շարունակում են աճել, և ՀՆԱ-ի աճն ապահովվում է նաև այս ոլորտի հաշվին:
Հատկապես, որ անցած տարվա համեմատությամբ մետաղներից պղնձի գները միջազգային շուկայում որոշակիորեն նվազել են: Նշանակում է՝ աճը ապահովվել է ծավալների մեծացման հաշվին:
Արդյունաբերության մյուս ամենամեծ ճյուղում՝ սննդի արդյունաբերությունում, նույնպես գրանցվել է աչքի զարնող, բայց հանքարդյունաբերության համեմատությամբ ավելի համեստ աճ՝ 110.4%: Սննդամթերքի արտադրության դեպքում աճն էլ ավելի համեստ է՝ 108.0%: Խմիչքի արտադրությունն աճել է 109.5%-ով, ծխախոտինը՝ 117.7%-ով:
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում