Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթվա ընթացքում քննարկվեց և քվեարկվեց երկրի խորհրդարանի երկու պալատներում, իսկ հոկտեմբերի 10-ին երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց այդ օրենքը (որպես խորհրդանշական օր ընտրվեց հոկտեմբերի 12-ը. այս տարի հենց այդ օրն է նշվելու Թարգմանչաց տոնը – Ա.Ա.)։ Հատկանշական է, որ խորհրդարանում օրինագծի քննարկմանը ելույթ ունեցան նաև տարբեր կուսակցությունների պատկանող ռումինացի պատգամավորներ, որոնք ընդգծեցին հայերի բացառիկ դերը Ռումինիայի պատմության մեջ և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը։ Ներկայացնում ենք հատվածներ նրանց ելույթներից.
Անդրեյ Դանիել Գեորգե (PNL – Ազգային-ազատական կուսակցություն)
«Հայերը Ռումինիայի տարածքում ամենահին և նշանակալի էթնիկ համայնքներից են, ինչպես նաև բավականին հարուստ ավանդույթ և պատմություն ունեցող եվրոպական ժողովուրդներից մեկը: Հայերը շատ կարևոր դեր են ունեցել Բյուզանդական Կայսրության պատմության մեջ: Արևելյան Հռոմեական Կայսրության շատ դինաստիաներ իրականում հայկական ծագում ունեին: Հայերը չափազանց կարևոր դեր են ունեցել նոր գաղափարների, արժեքների, ապրանքների շրջանառության և, ընդհանուր առմամբ, եվրոպական առևտրի մեջ:
Պատահական չէ, որ, ինչպես նշվեց, նրանք ապրում են ռումինական հողում հնագույն ժամանակներից՝ տասներորդ դարից, որի վերաբերյալ կան փաստագրական ապացույցներ: Զարմանալի չէ, որ արդեն 1401թ.՝ Ալեքսանդր Բարի իշխանի օրոք, Հայ եկեղեցու համար հիմնադրվեց եպիսկոպոսություն: Այս փաստն ապացուցում է, որ այդ ժամանակ, ինչպես Մոլդովայում, այնպես էլ Տրանսիլվանիայում, և նույնիսկ Վալախիայում, շատ ազդեցիկ հայ համայնքներ կային:
Հետևաբար, հայ համայնքը էական դեր խաղաց Ռումինիայի զարգացման գործում: Եվ, վերջապես, շատ լավ կլինի, որ մենք՝ Ռումինիայի խորհրդարանը, ընդունենք մի հռչակագիր, որով կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկն էր: Քսաներորդ դարի սկզբի այս սարսափելի պատմական իրադարձությունը ճանաչելը և հարգանքի տուրք մատուցելը, կարծում եմ, էական են անցյալի հետ հաշտվելու, համայնքների, ժողովուրդների, ազգությունների և դավանանքների միջև երկխոսության և ապագա կերտելու մեր կարողության համար՝ հիմնված ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա:
Շնորհավորում եմ Ռումինիայի հայ համայնքին և մաղթում բազմաթիվ հաջողություններ։ Եվ, տա Աստված, կարողանանք դասեր քաղել պատմության փորձություններով անցած այս համայնքից, որն այստեղ, մեզ մոտ՝ Ռումինիայում, տուն գտավ»։
Յուլիան Բուլայ (USR – «Փրկեք Ռումինիան» դաշինք)
«Այս համայնքի պատմությունը ինչպես աշխարհում, այնպես էլ Ռումինիայում ուղղակիորեն կապված է Հայ առաքելական եկեղեցու գոյության հետ: Իմ մանկության տարիներին օգոստոսի 15-ին երեք միջոցառում կար՝ ուխտագնացություն դեպի Պուտնա, Կաչիկա և Հաճկատար։ Հաճկատարը արտակարգ գեղեցկությամբ հայկական վանք է մի բլրի վրա, որը նույնպես Բուլայ է կոչվում։ Իմ անվան հետ այն կապ չունի՝ չնայած դա պատիվ եմ համարում (Հաճկատարը 1512թ. ռումինական Սուչավա քաղաքից ոչ հեռու կառուցված վանք է, որը բավականին հայտնի է Արևելյան Եվրոպայի հայերի շրջանում և որի շուրջ շատ հետաքրքիր լեգենդներ են ձևավորված։ Հատկանշական է, որ այնտեղ 1943թ. իր քառասունքն է անցկացրել Վազգեն վարդապետը՝ ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն – Ա.Ա.)։
Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հարգենք մի յուրահատուկ մշակույթ և լեզու:
Ցանկանու՞մ ենք լավ բաներ անել մեր մշակութային կյանքում այս համայնքի ներդրումի ոչ միայն խորհրդանշական, այլև առարկայական ճանաչման համար՝ արտահայտելով նաև մեր մեծ հարգանքը և երախտագիտությունը։ Եկեք լուծենք այս խորհրդանշական հարցը և հետո նոր անցնենք այլ հարցերի շուրջ կռիվ տալուն»:
Նիկոլաե Բակալբաշա (PSD – Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)
«Այս իրադարձությունը և այս օրենքը, որը մենք ուզում ենք քվեարկել, շատ ավելի խորքային նշանակություն ունեն: Եվ մենք մի ապշեցուցիչ դաս ունենք սովորելու մեր հայ գործընկերներից: Մասնավորապես այն, որ նրանք գիտեն, որ լեզուն նշանակում է ինքնություն:
Կցանկանայի հիշեցնել, որ, որքանով ես գիտեմ, հայերը, որոնք այստեղ եկան ողբերգական իրադարձությունների արդյունքում, որը, ցավոք, միջազգայնորեն չի ճանաչվել որպես ցեղասպանություն՝ չնայած այն իրական ցեղասպանություն էր, երբեք չեն դավաճանել և չեն «վաճառել» Ռումինիան»:
Արսեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳԻՐ, ԲՈՒԽԱՐԵՍՏ