Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին և որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է: Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող գրքում Կազիմիրովը ներկայացրել է հարցի իր միջնորդությունը, ռուսական քաղաքականությունն այդ համատեքստում: Այլ կերպ ասած, գիրքը, խոշոր հաշվով՝ թե՛ մեթոդաբանություն է, թե՛ պատմական տեղեկանք, և խոշոր հաշվով հնարավոր է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տվել է ռուսաստանցի դիվանագետի ձեռքով պատրաստված ռուսական քաղաքականության ծավալուն ուղեցույց:
Բանն այն է, որ քաղաքականության այն շրջանը, որում դիվանագիտական առաքելությամբ էր զբաղված Կազիմիրովը, ելցինյան Ռուսաստանի շրջանն էր, որն իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, արցախյան հարցում, այդուհանդերձ, ավելի նպաստել է կայունությանն ու խաղաղությանը, և ոչ թե Ադրբեջանի հետ խաղերի միջոցով պատերազմ հասունացրել, ինչն արեց պուտինյան Ռուսաստանն առնվազն մինչև 2016-ի ապրիլ: Ահա այդ իրողությունների ֆոնին Հայաստանի վարչապետի նվերը ստանում է քաղաքական բավականին նշանակալի և խորքային իմաստ: Եթե չլիներ ԱՊՀ այդ հավաքում Ալիևին հայտնի դրվագում վարչապետի տված կոշտ պատասխանը, ապա Պուտինին նվիրված գիրքը թերևս դառնալու էր Հայաստանում ԱՊՀ այդ հավաքից ամենամեծ ուշադրության առարկան: Միևնույն ժամանակ, այդ երկու դրվագները բավականին «ներդաշնակվում» են՝ անկախ դրանց միջև որևէ անմիջական պատճառահետևանքային կապի լինել-չլինելուց:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում