Ծխե՞լ, թե՞ չծխել. ծխախոտ օգտագործողների եւ չօգտագործողների «պայքարը» Հայաստանում տեւական ժամանակ է շարունակվում: Մի մասին ծուխն է խանգարում, մյուսներին՝ չծխելու կոչերն ու հորդորները: Ծխախոտի հիմնական թիրախը թոքերն են, որի ծուխը ոչ միայն վնասում է ծխողին, այլեւ նրա շրջապատում գտնվող մարդկանց:
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ զանգահարելով բոլոր նախարարություններ՝ փորձեցինք պարզել, թե այսօր նախարարներից քանիսն են օգտագործում ծխախոտ: Մեր հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ կառավարությունում 12 նախարարներից 8-ը չեն ծխում, ավելին՝ մեծամասնությունը ծխախոտ երբեք չի էլ օգտագործել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չծխողների շարքում է, վերջինս երբեւէ գլանակ չի վառել: Նույնը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Վերիջինիս մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի խոսքով՝ ծխախոտ չեն օգտագործում նաեւ այս գերատեսչության բոլոր վեց փոխնախարարները, ինչպես նաեւ բոլոր մարզպետները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ոչ միայն երբեւէ չի փորձել ծխել, այլեւ, ըստ նրա մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի, շատ վատ վերաբերմունք ունի դրա նկատմամբ եւ խրախուսում է առողջ ապրելակերպը:
Կարդացեք նաև
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Պաշտպանության, Արդարադատության, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություններից եւս հայտնեցին, որ նախարարները չեն ծխում:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի օգնականը նշեց, որ նախարարը չի ծխում, երիտասարդ տարիներին փորձել է, սակայն դա եղել է տարիներ առաջ:
Գործընկերներից այս առումով ետ են մնում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ում մամուլի քարտուղար Աննա Օհանյանի խոսքով՝ նախարարը ճիշտ է, երբեմն գլանակ օգտագործում է, բայց՝ քիչ, ժամանակ առ ժամանակ, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջինիս մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի խոսքով՝ նախարարը էլեկտրոնային ծխախոտ է օգտագործում:
Նշենք նաեւ, որ բացի նախարարներից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես չծխողների շարքում են: Ինչպես նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Հայկ Մարությանը երբեք ծխախոտ չի օգտագործել:
2008 թվականից ամեն տարի Հայաստանը հոկտեմբերի 12-ին նշում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը: 2004 թվականից մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային:
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում