Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արզիկ Մխիթարյանին բարեկամաբար խնդրում եմ ավելի ուշադիր լինել իրենց ընկերոջ լեզվական սայթաքումներին»

Հոկտեմբեր 12,2019 10:25

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցով ՍԴ-ի միջոցով նրան պաշտոնանկ անելուց բացի, այլ մեխանիզմների կիրառման, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հասցեին հնչեցրած որակումներին, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը և այլ հարցերի:

– Քանի որ վերջին օրերի ամենաքննարկվող թեման Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացումն է Հայաստանում, ապա հետաքրքիր է՝ բացի նրանից, որ բազում աստղեր, հայտնի մարդիկ Հայաստանում են և մեր երկիրը ներկայացնում են ողջ աշխարհին, Ձեզ համար ո՞րն է այս համաժողովի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ձեռքբերումը:

– Հայաստանում են ոչ միայն բազում հայտնի մարդիկ, այլ նաև հայտնի մարդիկ իրենց ոլորտում։ Սա շատ կարևոր և հեղինակային միջոցառում էր, որը նոր կապերի, ներդրումների և «իրար» գտնելու մեծ հարթակ էր։

– Հիմա անցնենք քաղաքական թեմայով հարցերին: Եթե ՍԴ-ն Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցով չկայացնի քաղաքական մեծամասնությանը ցանկալի որոշում, ի՞նչ քայլերի կդիմի իշխող քաղաքական ուժը, ի՞նչ մեխանիզմներ են քննարկվում:

– ՍԴ-ն պետք է կայացնի ոչ թե քաղաքական մեծամասնության ցանկալի որոշում, այլ վերջապես առաջնորդվի Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով։ Հետագա քայլերը կասենք հետագայում, երբ կունենանք ՍԴ որոշումը։

– Դուք ընդունելի՞ եք համարում այն, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին ասել է, թե նա իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Մասնավորապես Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանն այս առիթով կարծիք է հայտնել, թե անցնում են սահմաններն ու հասնում են անտակտության, չի կարելի նման ձևակերպումներով, նման արտահայտություններով խոսել. «Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, պատերազմն անցած սպա, որը մեծ ծառայություններ է մատուցել այս երկրին, ինչ-որ տեղ եթե լեզվական սայթաքում է արել, ապա դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է նման վերաբերմունք դրսևորի»:

– Արմեն Գրիգորյանը լուրջ պաշտոն է զբաղեցնում, և նրա հայտարարության հետ անհամաձայնությունը պետք է քննարկեք իր հետ։ Արցախի պատգամավոր Արզիկ Մխիթարյանին բարեկամաբար խնդրում եմ ավելի ուշադիր լինել իրենց ընկերոջ լեզվական սայթաքումներին և հոգ տանել նրա առողջության համար: Ես անկեղծորեն մտահոգ եմ վերջերս նրա բազմակի անբացատրելի պոռթկումների առիթով։

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն տարածեց, որով իրեն աջակցողներին ասաց, թե հարցն այլեւս մեկ մարդու՝ իր ազատությունը չէ, այլ Հայաստանում ժողովրդավարության ապագան, որի համար նա պայքարելու է: Ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանի՝ անազատության մեջ գտնվելով Հայաստանում ժողովրդավարության ապագան վտանգվա՞ծ է կամ ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը:

– Այո՛, հարցն ամենևին մեկ մարդը չէ, այո՛, հարցը Հայաստանի ժողովրդավարությունն է, այն ժողովրդավարությունը, որ տասնյակ տարիներ բռնազավթվել էր և գնդակահարվել, այն ժողովրդավարությունը, որ վերականգնվեց 2018-ի ապրիլին և որն այլևս անշրջելի է։ Այո՛, հարցը մեկ մարդը չէ, այլ բոլոր նրանք, ովքեր նպաստել են ժողովրդավարության գնդակահարմանը և հերթով կանգնելու են արդարադատության առաջ։ Քոչարյանն այլևս չի կարող և չի լինի սպառնալիք Հայաստանի ժողովրդավարությանը։

– «Իմ քայլ»-ի պատգամավորների հասցեին հնչում են քննադատություններ, թե իշխող քաղաքական ուժի պատգամավորները չեն քննադատում «Հայելի» ակումբի վրա հարձակումը կամ այլ խոսքով՝ մամուլին ուղղված հարձակումը, Արփինե Հովհաննիսյանից ներողություն չեք խնդրում Անդրանիկ Քոչարյանի՝ նրա հասցեին հնչած հայտարարությունների համար: Ի՞նչ եք կարծում, այս միջադեպերը չե՞ն գցում «Իմ քայլ»-ի վարկանիշը կամ ստվերում իմքայլականների գործունեությունը:

– «Իմ քայլ»-ի պատգամավորները հայտարարություն են տարածել այդ մասին, հայտարարությունը բաց է։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ դեպքերում կույր որոշումներ են կայացնում: Օրերս էլ ՔՊ-ում փակ նիստ էր հրավիրվել: Արդյոք այդ նիստի ընթացքում քննարկվե՞ց նաև տարբեր ոլորտներում կադրային վերադասավորումների, փոփոխությունների հարցը, կարելի՞ է վարչապետի խոսքից հասկանալ, որ նա ունի կոնկրետ դժգոհություններ որոշ կադրերի աշխատանքից:

– Վարչապետի հետ փակ նիստի օրակարգի մասին մեր խմբակցության ղեկավարը հարցազրույց է տվել, իսկ կադրային հարցի շուրջ իր դժգոհությունը վարչապետը մեկ անգամ չէ, որ ասել է։

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031