Նախորդ տասնամյակում, երբ իշխանության էր իրեն նժդեհական համարող ՀՀԿ-ն, մեր ազգային հերոսներից մեկի անունն, իմ կարծիքով, չափից դուրս շատ էր հնչում պաշտոնական շրջանակներում: Ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ րոպեն մեկ ուղեղդ սղոցում են որեւէ (անգամ շատ արժանավոր մարդու) անունով, ակամա առաջանում է հակառակ ռեակցիան՝ «դե, լավ էլի, սպանեցիք-թողեցիք»: Նման ընկալում ունեն հատկապես իմ սերնդի մարդիկ, որոնց ուղեղը կյանքի առաջին 20-25 տարում սղոցում էին Լենինի անունով, իսկ «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» բազմաթիվ հատորներում տեղ գտած մտքերը ներկայացվում էին որպես վերին ատյանի ճշմարտություն:
Գարեգին Նժդեհը մեր ազգի լավագույն զավակներից մեկն է, բայց նրա գրածներն ամենեւին էլ Աստվածաշունչ չեն, իսկ «ներքին թուրքի» մասին հայտնի աֆորիզմից, ինձ թվում է, պարանոյայի հոտ է գալիս:
Բայց նախորդ իշխանությունը միանգամայն ճիշտ է վարվել՝ կանգնեցնելով Գարեգին Նժդեհի արձանը: Հենց երեկ առիթ եմ ունեցել անցնելու Նժդեհի արձանից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան (կոմունիստներն էլ, իրենց հերթին ճիշտ էին վարվել՝ այդ արձանը դնելով ) եւ մտածելու, թե որքան ճիշտ էին վարվում մեր հերոսները, երբ որոշում էին կայացնում փոքրաթիվ նվիրյալներով դիմակայել հակառակորդի մեծաքանակ զորքին: Կարելի է հեգնանքով խոսել «բարոյական հաղթանակների» մասին, բայց ո՞րն է դրա այլընտրանքը՝ համբերատար սպասել, մինչեւ քեզ մորթե՞ն:
Ներկայիս վարչապետն էլ ԱՊՀ գագաթաժողովում ճշգրտորեն էր ներկայացրել Նժդեհի հետ կապված պատմական իրողությունները՝ ի հակադրություն Իլհամ Ալիեւի քարոզչական ֆանտազիաների: Հատկապես ինձ համար գնահատելի էր այն միտքը, որ խորհրդային ռեժիմի ռեպրեսիաները բացարձակապես չի կարելի օգտագործել որպես որեւէ մարդու կյանքն ու գործը վարկաբեկելու «փաստարկ»:
Եվ քանի որ Փաշինյանի այդ մեկնաբանությունը հավանել են բոլորը՝ անկախ իրենց, այսպես ասած, «ներքաղաքական համոզմունքներից», դա առիթ է տալիս ինձ մտածելու, որ մեզ՝ հայերիս, ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է: Պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել, եւ ոչ միայն էքստրեմալ վիճակներում, այլեւ առօրյա կյանքում՝ այդ թվում նաեւ «վիրտուալ բանավեճերի» ժամանակ:
…«Քաղաքացիական պայմանագիրն» իր «Լենինին», բարեբախտաբար չունի: Հուսով եմ, «կռապաշտության առարկա» մոտ ժամանակներս չի առաջանա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
‘դա առիթ է տալիս ինձ մտածելու, որ մեզ՝ հայերիս, ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է:’
Այսօր մեզ նոր փորձություններ են սպասվում, որոնք կհաստատեն վերը հիշված միտքը: Օրինաչափությունը պարզ է’ հնդիկները ցանկացան անկախություն, նրանց տվեցին այդ անկախությունը, բայց նրանցից պոկեցին ու ստեղծեցին առանձին ու թշնամի պետություն, վրացիներին էլ թույլ տվեցին անկախանալ, դրա դիմաց պոկեցին.., ուկրաինացիներին էլ թույլ տվեցին անկախանան, բայց նրանցից պոկեցին.., հայերին էլ թույլ են տալիս անկախանալ, դրա դիմաց փորձում են պոկել.. Ձեռագիրը նույնն է, աշխարհի գերհզորները միայն գործիք ու կատարողներ են, տեսնենք, մեր հայ իմաստնությունը կհաղթի՞ մեզ պառակտող արտաքին ուժերին:
Իսկ խնդրի լուծումը շատ ավելի պարզ է’ ինչքան մենք հայերով իրարից կախվածությունը մեծացնենք, այնքան մենք հայերով մեր չուզողներից անկախ կլինենք: Թշնամուց անկախանալը’ հզոր երեւույթ է, բայց բարեկամից կախյալ դառնալն շատ ավելի հզոր երեւույթ է, թշնամուն փափուկ ուժով հաղթելու լավագույն միջոցը’ հզորացնել բարեկամների կախվածությունն իրարից:
Գարեգին Նժդեհը մեր ազգի լավագույն զավակներից մեկն է, բայց նրա գրածներն ամենեւին էլ Աստվածաշունչ չեն
Նրա բոլոր գրածները (նույնիսկ ամենաթույլ գործերը) անհամեմատ ավելի արժեքավոր են, քան բոլոր «սուրբ» գրքերը՝ միասին վերցրած: Աստվածաշունչն ընդամենը հրեական պրիմիտիվ ու ծիծաղաշարժ առասպելների հավաքածու է՝ զրոյական նշանակությամբ 21-րդ դարում ապրող հայերի համար: Նժդեհն իրոք մեր ազգի լավագույն զավակներից մեկն է՝ ի տարբերություն Մովսեսների, Աբրահամների ու տարատեսակ այլ Հիսուսների. հրեական այս հերոս-զավակները ոչ մի կապ չեն ունեցել հայերի հետ ու Նժդեհի, Նալբանդյանի, Րաֆֆու ու Պատկանյանի եղունգն անգամ չարժեն…
Եվ քանի որ Փաշինյանի այլ մեկնաբանությունը հավանել են բոլորը՝ անկախ իրենց, այսպես ասած, «ներքաղաքական համոզմունքներից»
Եթե հավանել է ոմն Աշոծյան՝ դա դեռ չի նշանակում բոլորը: Ինձ, օրինակ, բոլորովին էլ դուր չեկավ Փաշինյանի այդ մեկնաբանությունը՝ կցկտուր ու անկապ իր բառակույտով: Նժդեհ կարդացած, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ ֆաշիզմի պատմությունից քիչ թե շատ տեղյակ մարդը Ալիեւի պորտը բոլորովին այլ կերպ տեղը կդներ: Բայց դե ումից ինչ ես սպասում. մարդը ոչ Ռասուլ-զադեի մասին գիտեր, ոչ Պուտինի սիրելի Իվան Իլյինի, ոչ էլ նույնիսկ, որ Նժդեհը Բուլղարիայի, այլ ոչ թե Խորհրդային Միության քաղաքացի է եղել…
«Քաղաքացիական պայմանագիրն» իր «Լենինին», բարեբախտաբար չունի: Հուսով եմ, «կռապաշտության առարկա» մոտ ժամանակներս չի առաջանա:
Արդեն առաջացել է: ՔՊ-ի «Լենինը» հենց Նիկոլն է, որ կա՝ իսկը «կռապաշտության առարկա»: Մենք ասում ենք Նիկոլ՝ հասկանում ենք ՔՊ, մենք ասում ենք ՔՊ՝ հասկանում ենք Նիկոլ… 🙂