Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մոդելը որոշել է բանակցել Քիմ Քարդաշյանի հետ

Հոկտեմբեր 12,2019 12:00

Վերջին շրջանում հայաստանյան մոդելային արվեստի կամ ինչպես ընդունված է ասել՝ բիզնեսի ներկայացուցիչները, կարծես, կամաց-կամաց քայլեր են անում միջազգային հարթակներում՝ մեկը իր անձնական կապերի շնորհիվ, մյուսը իսկապես պատահականության սկզբունքներից ելնելով։

Մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանը, որին ժամանակին անդրադարձել է «Առավոտը», առաջիններից էր, որը տասը տարի առաջ հայտնվեց Բուլղարիայում կայացած The best model of the world մրցույթում։

Հետեւեցին մոդելի հաջողությունները 2011թ. Իսպանիայում, որտեղ նա ընդգրկվեց աշխարհի TOP 5-ի ցանկում, 2014թ. Պորտուգալիայում Mister Pashion Beauty Univers-ում արժանացավ գլխավոր մրցանակի։ Ոլորտի  մեկ-երկու ներկայացուցիչներ մեզ հայտնել են, որ Դավիթը ոմանց օրինակով չի տառապում աստղային հիվանդությամբ, այլ հակառակը՝ սկսած 2011-ից արտասահմանում ներկայացնում է իր գործընկերներին, որոնք նոր-նոր են մուտք գործել մոդելային բիզնես։

Նշեցին նաեւ, թե Դավիթը  սեպտեմբերին Բուլղարիայում անցկացված Sofia Fashion Week 2019թ. նորաձեւության շաբաթի օրերին  պայմանագիր է ստորագրել առաջիկայում մեր դիզայներներին այդ հեղինակավոր միջոցառմանը ներկայացնելու նպատակով։
Մեզ հետ հանդիպման ժամանակ այդ լուրը հաստատեց Դավիթը, հետո մանրամասնեց. «Սոֆիայում կայացած շաբաթին մասնակցում էին դիզայներներ Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Մալայզիայից, Ճապոնիայից, Պորտուգալիայից, Կորեայից, Ինդոնեզիայից՝ ներկայացնելով իրենց աշուն-ձմեռ հավաքածուն։ Ես հրավիրված էի որպես հյուր կազմակերպիչների՝ Մարիա Բոնեւայի եւ Նասկո Լազարովի կողմից։ Կնքվեց պայմանագիր 2020թ. հայաստանցի դիզայներների նման հեղինակավոր շաբաթին ներկայացնելու համար։ Լայն ընթերցողին որպեսզի պատկերավոր լինի՝ դա ինչ շաբաթ է, ասեմ միայն, որ այն իսկապես կարելի է զուգահեռել Փարիզում, Միլանում, Նյու Յորքում, Մեծ Բրիտանիայում ավանդաբար անցկացվող  նորաձեւության շաբաթների հետ»։

Մոդելը հավելեց նաեւ, որ Սոֆիայում շուրջ մեկ շաբաթ ձգվող ցուցադրությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու ոչ միայն կայացած դիզայներների աշխատանքներին, այլեւ նոր անունների։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Դավիթ Ղարիբյանի՝ այս անգամ Բուլղարիա այցելելու նպատակը, բացի հյուրի կարգավիճակից ու պայմանագիր կնքելուց, եղել է նաեւ ֆիլմի ստեղծումը։

Այս առիթով արվեստագետը նախ ասաց, թե տասը տարվա կարիերայի ընթացքում առաջին ագամ էր հանդիպում, երբ մոդելները զգեստները ցուցադրում են պարային համարներով, նույնիսկ ներկայանում են նորածին երեխաներով, հետո էլ հայտնեց.  «Նկարահանել եմ ֆիլմ, որի ընթացքում պոդիմումում կայացած ցուցադրություններից բացի, հեռուստահանդիսատեսը կծանոթանա դիզայներների ու մոդելների հետ։

Վերջիններս «կկիսվեն» նաեւ իրենց կարծիքներով եւ կներկայացնեն առաջիկա ծրագրերը։ Տպավորություններով հանդես կգան նաեւ միջոցառմանը ներկա պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նշեմ, որ ֆիլմը կցուցադրվի 2020թ. գարնանը հայաստանյան որեւէ TV-ով»։ Հավելեց, որ այսօրվանից հաջորդ տարի այդ ցուցադրությանը մասնակցել ցանկացող դիզայներները կարող են անձամբ դիմել իրեն։

Հետաքրքրությանը, թե աչքի տակ ունի՞ գոնե այդ միջոցառմանը մասնակից արժանի թեկնածուներ, արվեստագետը բարձրաձայնեց ընդամենը երկու անուն՝ «Տերյան մշակութային կենտրոն» (տնօրեն՝ Լիլիթ Մելիքյան), որի դիզայներներն իր ուշադրությանն են արժանացել հատկապես ազգային տարազների մասով եւ հատկապես տղամարդկանց կոստյումների ստեղծմամբ ճանաչված դիզայներ Գեղամ Շերոյնի անունը։

Դավիթ Ղարիբյանի հավաստմամբ, Sofia Fashion Week-ի կազմակերպիչները երազում են հաջորդ տարի հատուկ հյուրի կարգավիճակում տեսնել Քիմ Քարդաշյանին, եւ այնքան մեծ է նրանց ցանկությունը, որ դիմել են իրեն. «Քիմը ձեր հայրենակիցն է, վստահ ենք, ձեզ ոչ չի ասի»։

Դիտարկմանը՝ այսինքն պատրաստվում եք միջնո՞րդ հանդիսանալ, Դավիթը, առանց մանրամասնելու, պատասխանեց. «Հասկանալի պատճառով, այդ ուղղությամբ արդեն սկսել եմ աշխատել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Sofia Fashion Week 2019-ից

«Առավոտ» օրաթերթ
11.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031