Լրահոս
Օրվա լրահոսը

Իրարամերժ որոշումներ. պետգնումների «Սեւ ցուցակ» են «գցել» իրազեկված չլինելու պատճառով

Հոկտեմբեր 12,2019 13:00

2019թ. 2-րդ եռամսյակում բողոքները քննող անձանց կողմից քննության է ենթարկվել մասնակիցներին գնումների «Սեւ ցուցակում» ներառելու 131 ընթացակարգ։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշը ավելի քան 1.7 անգամ գերազանցում է 2019թ.1-ին եռամսյակի ցուցանիշը (76 ընթացակարգ) եւ 26-ով ավել է 2018թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշից (105 ընթացակարգ):

Բողոքների պատճառների կառուցվածքը, 2019թ. 1-ին եռամսյակ

Մասնակիցներին գնումների «Սեւ ցուցակում» ներառելու ընթացակարգերի թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է օրենքով սահմանված շեմը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորությունների, հատկապես դրոշմանիշային վճարների գծով առավել շատ դեպքերի արձանագրմամբ:

Նշենք՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարների մասով պարտավորությունները սկսել են դիտարկվել որպես հայտերը մերժելու հիմնավորում եւ գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում միայն նախորդ տարվա վերջից:

Ինչպես պարզվում է բողոքները քննող անձանց կողմից քննված բողոքների ուսումնասիրությունից, գնումների մասնակիցների գերակշիռ մասը իրազեկված չէ դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորության մասին, քանի որ մասնակիցները հիմնականում առաջնորդվում են հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա անձնական հաշվի քարտում արտացոլված տեղեկատվությամբ, որտեղ այս պարտավորությունները չեն երեւում:

Ի լրումն, համաձայն ՊԵԿ նախագահի 2017թ. հուլիսի 19-ի թիվ 228-Ն հրամանի՝ սահմանվել է վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տրվող տեղեկանքի ձեւը, որտեղ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով վճարման ենթակա դրոշմանիշային վճարը որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն, նախատեսված չէ:

Միեւնույն ժամանակ, համաձայն վերոնշյալ օրենքի 10-րդ հոդվածի՝ դրոշմանիշային վճարը ՀՀ պետբյուջե վճարվող պարտադիր վճար է, որը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հանդիսանում է հարկային եկամուտ։

Այսպիսով, վերոնշյալ օրենսդրական կարգավորումները հանգեցնում են որոշակի անորոշության, ինչի արդյունքում մասնակիցների համար հստակ չեն սահմանվում «խաղի կանոնները»:

2019թ. հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում բողոքները քննող անձանց ընդունած որոշումների մշտադիտարկումը վկայում է, որ քննող 2 անձինք (Էմիլ Սարգսյան եւ Մհեր Անանյան) դրոշմանիշային վճարների մասով պարտավորությունների առկայության բոլոր դեպքերի, բողոքների վերաբերյալ կայացրել են որոշումներ հօգուտ մասնակիցների՝ (պարտավորեցնելով դադարեցնել հանձնաժողովի կողմից կայացված հայտը մերժելու որոշումը կամ մերժելով մասնակցին «Սեւ ցուցակում» ներառելու ընթացակարգը):

Ընդունված որոշումներում հիմնականում մեջբերվել է այն հիմնավորումը, որ դրոշմանիշային վճարը տվյալ պայմաններում չի դիտարկվում որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով ժամկետանց պարտավորություն:                                         

Դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ ունենալու պատճառով «Սեւ ցուցակում« հայտնված մասնակիցները, 2019թ. 2-րդ եռամսյակ

Միեւնույն ժամանակ, 2019թ. ապրիլին ընտրված բողոքները քննող նոր անձանց (Գրիգոր Ներսիսյանի եւ Լեւոն Օհանյանի) ընդունած որոշումների մասով առկա միտումները տարբեր են: Մասնավորապես, Լեւոն Օհանյանը, մեջբերելով վերոնշյալ հիմնավորումը, դրոշմանիշային վճարների մասով պարտավորությունների առկայության բոլոր բողոքների վերաբերյալ կայացրել է որոշումներ հօգուտ մասնակիցների, մինչդեռ, մյուս քննող անձ Գրիգոր Ներսիսյանը այս առումով հիմնականում ընդունել է որոշումներ ի վնաս մասնակիցների՝ բավարարելով մասնակցին «Սեւ ցուցակում» ներառելու ընթացակարգերն ու մերժելով մասնակիցների կողմից ներկայացված բողոքները:

Մասնակիցներին «Սեւ ցուցակում» ներառելու վերաբերյալ 2019թ. 2-րդ եռամսյակում ընդունված որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ բացառությամբ դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունների, այլ պատճառներով ներկայացված բողոքների մասով բողոքները քննող անձանց ընդունած որոշումներում հիմնականում նկատվում է նույնական միտումներ:

Այսպիսով, դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ ունենալու պատճառով բողոքները քննող անձ Գրիգոր Ներսիսյանի ընդունած որոշումների համաձայն 14 մասնակից հայտնվել է գնումների «Սեւ ցուցակում»:

«Սեւ ցուցակում» հայտնված այս մասնակիցներից հատկապես ուշագրավ է «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ի դեպքը, քանի որ այս ընկերությանը դրոշմանիշային վճարի գծով 47.000 դրամի պարտավորություն ունենալու պատճառով «Սեւ ցուցակում» ներառելու նպատակով նախաձեռնվել է 3 ընթացակարգ, որից 2-ը մերժվել են (մայիսի 23 եւ 24-ին), իսկ մեկը բավարարել է Գրիգոր Ներսիսյանը՝ մայիսի 17-ին: Փաստորեն, միեւնույն հիմքով այս ընկերության նկատմամբ բողոքները քննող անձիք ընդունել են իրարամերժ որոշումներ, ինչի արդյունքում այս ընկերությունը հայտնվել է «Սեւ ցուցակում»:

Ի դեպ, ընկերությունը, մարտի 21-ին կատարել է պարտավորությունը՝ գանձապետական հաշվեհամարին վճարելով արձանագրված պարտավորության չափը գերազանցող գումար՝ 500.000 դրամ, ինչը վկայում է, որ մասնակիցը չի փորձել խուսափել պարտավորությունից, այլ ինչպես մյուս մասնակիցները, բավարար տեղեկացված չի եղել հայտը ներկայացնելու օրվա դրությամբ այդ պարտավորության առկայության մասին:

Հարկ է նշել, որ 2019թ. մայիսի 2-ին ընդունված եւ հունիսի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության 526-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N516-Ն որոշման համաձայն, մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու շտկելու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների մասով առկա անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը ներկայացնի կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը, ապա տվյալ անհամապատասխանությունը կհամարվի շտկված եւ նրա հայտը կգնահատվի բավարար:

Այսպիսով, ակնկալվում է, որ նոր օրենսդրական փոփոխությունները կնպաստեն այս մասով բողոքարկման ընթացակարգերի, եւ հետեւաբար, նաեւ «Սեւ ցուցակում ներառվող մասնակիցների թվի կրճատմանը»:

Արմինե ԲՈւՌՆԱԶՅԱՆ
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ

Գլխավոր լուսանկարում՝ Բողոքների պատճառների կառուցվածքը, 2019թ. 2-րդ եռամսյակ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031