«Վեճի առարկա հողամասերը հակընդդեմ հայցով հայցվորի փաստացի տիրապետմանն են անցել առանց որեւէ բռնության գործադրման»
Գեղամ Մելքոնյանը ծառայում է ՊՆ հոսպիտալներից մեկում, որպես անցագրային կետի հսկիչ: Խնամքին կինն է, դուստրը, նրա անչափահաս երեխան: Տան աշխատողը նա է, ստանում է զինծառայության համար 62 000 դրամ եւ 27 000 դրամ էլ թոշակ: Որպեսզի զբաղվի հողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, նա հող է գնել Կոտայքի մարզի Զառ գյուղում՝ վերցնելով վարկեր: Գնելուց հետո պարզվել է, որ հողը «տեր» ունի, չնայած մինչ օրս հարկը մուծողը բարեխիղճ գնորդ զինծառայողն է:
Գեղամ Մելքոնյանը մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ոչ թե վաճառող Արարատ Հարությունյանի, այլ հողը չազատող Լեւուշ Հովհաննիսյանի՝ վտարման պահանջով:
Դատարանում առկա է եղել նաեւ Լեւուշ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը, ոչ միայն Գեղամ Մելքոնյանի դեմ, այլ Կոտայքի նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով Լեւուշ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 21032014 -07-0042, 21032014-07-0031, 21032014-07-0038 վկայականները, 14.04.2014թ. անշարժ գույքի բաժանման թիվ 983, 984, 985 պայմանագրերը, սեփականության իրավունքի թիվ 1197, 1198, 1199 վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ընդունվել էր վարույթ։
Հակընդդեմ հայցի դեմ պատասխանողները ներկայացրել էին իրենց առարկությունները:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ՝ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք էր դրվել Զառ գյուղում գտնվող համապատասխանաբար կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա եւ արգելվել էր Լեւուշ Հովհաննիսյանին օգտագործել վերոնշյալ հողամասերը:
2016թ. հոկտեմբերի 4-ին վճիռը հրապարակվել էր, եւ հայցը բավարարվել էր, պատասխանող Լեւուշ Հովհաննիսյանը, ըստ այդ վճռի, պետք է վտարվեր Գ. Մելքոնյանի կողմից գնված հողատարածքից:
Լեւուշ Հովհաննիսյանից հօգուտ Գեղամ Մելքոնյանի բռնագանձել 84.000 ՀՀ դրամ (որից՝ 80.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 4000 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար):
Լեւուշ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը մերժվել էր։
Գ. Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ցույց տալով դատական իր անձնական գործը, տեղեկացնում է, որ նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրերի համաձայն է գնել Արարատ Հարությունյանին, նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող, Զառ գյուղում գտնվող 4 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը։
Հենց այդ պայմանագրերի հիման վրա էր գրանցել իր սեփականության իրավունքը եւ իրեն տրվել է հողի սեփականության իրավունքի վկայականները։
Նախնական տվել է երեքհազար դոլար գումար, պայմանավորածության համաձայն, գործարքից հետո էլ սովետական «Նիվա» մեքենան, որպես երկու հազար դոլար, սակայն հետագայում Արարատը հրաժարվել է «արժեզրկված» «Նիվայից», պահանջել մնացած գումարը: Նա, ըստ էության, գումարը ստանալուց հետո որեւէ առնչություն չի ունեցել մինչ օրս շարունակվող դատական գործընթացների հետ:
Գեղամը հողը գնելուց հետո ցանկացել է վարել եւ ցանքս կատարել, սակայն պարզել է, որ իր հողակտորներում նույն գյուղի բնակիչ Լեւուշ Հովհաննիսյանի կողմից արդեն իսկ կատարվում են գարնանացանի աշխատանքներ։
Հակընդդեմ հայցվորը վկայակոչել էր հողի նկատմամբ ձեռքբերման վաղեմությունը, մինչդեռ, ըստ դատարանի. «Հակընդդեմ հայցով հայցվորի մոտ առկա չի եղել այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով եւ տիրապետումը հիմնված չէր այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն, քանզի օրինական հիմքերը դա պատշաճ կարգով գույքի օտարման պայմանագիր կնքելը եւ գույքի նկատմամբ իր իրավունքների գրանցումն էր, ինչը հակընդդեմ հայցվորի կողմից չի կատարվել»:
Հակընդդեմ հայցվորը վկայակոչել էր «ստացական», որով տիրապետել է հողին, մինչդեռ, ըստ դատարանի, «վերոնշյալ ստացականի ուսումնասիրությունից նախ պարզ չէ, թե ինչ հողաբաժինների վերաբերյալ է այն գրված, մասնավորապես, ինչ հողեր են, ում են պատկանում, որտեղ են գտնվում եւ այլն, ավելին, ստացականի բովանդակությունից հետեւում է, որ Գագիկ Հարությունյանը, ով ըստ հակընդդեմ հայցով հայցվորի՝ իրեն է տվել 2 հողաբաժին, չի հանդիսացել այդ հողամասերի սեփականատերը: Ըստ ստացականի՝ հողամասերը պատկանել են Գագիկ Հարությունյանի ընտանիքին»: (Հողը վաճառած Արարատի հանգուցյալ հայրն է Գագիկը-Ռ.Մ):
Ի դեպ, այս գործի նյութերում առկա էր Գագիկ Հարությունյանի մահից հետո Զառ համայնքի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքը, նոտարական գրասենյակում Արարատ Հարությունյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը վիճելի հողամասերի նկատմամբ:
Համաձայնեք, որ դրանք չէին տրվի վաճառողին, իսկ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից չէր գրանցվի Արարատ Հարությունյանի ժառանգության իրավունքը, եթե սեփականատերը լիներ մինչ օրս «գրավյալ տարածքից» դուրս չեկած Լ.Հովհաննիսյանը: Վերջինս դիմում է վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Դատարանը երկու տարի առաջ մարտին Լեւուշ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2016 թվականի թիվ ԿԴ1/0850/02/15 վճիռը բեկանել եւ գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վերաքննիչ դատարանն էլ պատճառաբանական մասում հանգել էր հետեւյալին. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Ստացական» վերտառությամբ անշարժ գույքի առուծախի պայմանագրի առկայության պայմաններում հաստատվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասերը հակընդդեմ հայցով հայցվորի փաստացի տիրապետմանն են անցել առանց որեւէ բռնության գործադրման: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները թույլ են տվել Լեւուշ Հովհաննիսյանին ենթադրելու, որ վիճելի մակերեսներն օգտագործում է որպես սեփականը»:
Գործը մեկ անգամ էլ է պտտվել ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարաններում, սակայն մերժվել է Գ. Մելքոնյանի հայցապահանջը:
Դատարանները պատասխան չեն տալիս այն հարցին, թե ինչու պետք է բարեխիղճ գնորդը տուժի, ո՞վ պետք է նրա 5000 դոլար գումարը, ապա այս դատական քաշքշուկի արդյունքում այն 12 000 դոլարին համարժեք գումար դարձածը վերադարձնի, եւ ի՞նչ եղանակով: Մինչ հող գնելը պատկան մարմինները թաքցրե՞լ են «տեր» ունենալու հանգամանքը, եւ միտումնավո՞ր է, ապա պատասխան պետք է տան, եթե ոչ, դատարանը պետք է անդրադառնա գնորդի խախտված իրավունքների վերականգնմանը:
Այս գործի մասին զինծառայողը դիմել էր «Իմ քայլի» պատգամավորներին, գործող դատախազին, Կոտայքի մարզպետին: Անտարբերություն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2019