Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չպետք է դառնա «ծռերի» պատանդը»

Հոկտեմբեր 12,2019 13:30

«Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը վերահաստատեց մի ճշմարտություն՝ քաղաքականությունը հակացուցված է Ղարաբաղյան պատերազմի դաշտային հրամանատարներին»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

– Հայաստանյան մամուլում եւ հիմնականում իշխող քաղաքական ուժի կողմից խիստ քննադատության է ենթարկվում Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը, որում պարոն Բալասանյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ «Սասնա ծռերին»` նրանց մեկ ամբողջություն դիտարկելով` ասելով, որ Նիկոլ Փաշինյանը գրիչով է իշխանությունը բռնազավթել, «Սասնա ծռերը»` զենքով: Նաեւ հավելել է, որ 2016-ին ներել են ահաբեկիչներին, բայց այժմ «ֆիզիկապես կոչնչացնենք» պետության, պետականության եւ ժողովրդի, Արցախի իշխանությունների դեմ ոտնձգություններ անողներին: Պարոն Բալասանյանը նաեւ հայտարարել է, որ իր տեղեկություններով հայտնի` Փաշինյան-Ալիեւ «վերելակային» հանդիպման ժամանակ Ալիեւը փաստաթղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին եւ հորդորել Նիկոլ Փաշինյանին` հրապարակել` ինչի՞ մասին է խոսքը: ՀՀ վարչապետը չի արձագանքել: Արդյոք այս «սրացումները» Արցախում կայանալիք նախագահական ընտրություններով են պայմանավորված միայն, որին մասնակցելու մասին հայտարարել է պարոն Բալասանյանը, թե այս ամենն ավելի խորը արմատներ ունի: Ի դեպ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահը բավական կոշտ որակում տվեց Վիտալի Բալասանյանի հարցազրույցին, ասելով, որ «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»: Ինչի՞ է հանգեցնելու նման առճակատումը:

– Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը վերահաստատեց մի ճշմարտություն՝ քաղաքականությունը հակացուցված է Ղարաբաղյան պատերազմի դաշտային հրամանատարներին: Միայն այն, որ նա ասում է, թե Իլհամ Ալիեւը վերելակում փաստաթուղթ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, մի բան, որ ինձ հիշեցրեց 1989թ.-ին Ստեփանակերտում տարածված մի հերյուրանք, թե ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի ընդմիջմանն Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ Վեզիրովը եւ ԼՂԻՄ-ից մի պատգամավոր «զուգարանում հանդիպել են եւ պայմանավորվածության եկել»՝ բավական է, որպեսզի պատկերացում կազմենք, թե նա ի՞նչ չափանիշներով եւ ինչպե՞ս է դատում: Ավելին չեմ ուզում ասել:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս կայացած հանդիպումն իր նստավայրում` «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հետ, նույնպես շատ քննադատվեց: Ձեր կարծիքով՝ արտառոց բան կա՞ր այդ հանդիպման մեջ` նկատի ունենալով այն, որ ընդամենը երկու տարի առաջ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա, նաեւ զոհեր եղան, այսօր էլ դատական գործընթացը դեռ շարունակվում է:

– Ես կիսում եմ Փաշինյան- «Սասնա ծռեր» հանդիպման քննադատությունը: Որքան էլ դժվար լինի վարչապետի համար, նա չպետք է ընդունի «ծռերի» աջակցությունը: 1998թ.-ին Ռոբերտ Քոչարյանն «իրավիճակի փոփոխությամբ» ազատություն շնորհեց ՀՅԴ մի խումբ գործիչների, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կրում էին իրենց պատիժը: Քոչարյանը քաղաքական հենարանի կարիք ուներ եւ գնաց այդ քայլին: Եվ իշխանությունը դարձավ Դաշնակցության պատանդը: Փաշինյանը չպետք է դառնա «ծռերի» պատանդը: Կրկնում եմ՝ որքան էլ որ նրա համար դժվար լինի դիմակայել նախկին իշխանության հարձակումներին:

– Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ նրա աջակիցները  հայտարարություն տարածեցին, Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ որակեցին եւ ՀՀ իշխանությունից պահանջեցին անհապաղ ազատ արձակել նրան: Հայտարարության տակ ստորագրել են տարբեր մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Արցախի հերոսներ, նաեւ Ացախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի քաղաքական ուժը ներկայացնող գործիչներ: Ի՞նչ արձագանքներ է գտել այդ հայտարարությունը Արցախում: Կարելի՞ է ասել, որ ներքաղաքական խմորումներն ադեն սկսվում են Արցախում:

– Ես կարող եմ մի արձանագրում անել՝ արցախցիների գերակշիռ մեծամասնությունը բոլորովին էլ չի կիսում այդ հայտարարությունն ստորագրած՝ Արցախի երեք հերոսների տեսակետը: Մնացածը թողնենք նրանց խղճին եւ, իհարկե, արդարադատությանը, որ, հույս ունեմ, ամեն ինչ եւ յուրաքանչյուրին կտա հիմնավորված իրավական գնահատական:

– Իսկ ի՞նչ գնահատական կտաք Ռոբերտ Քոչարյանի պատասխան հայտարարությանը, որում վերջինս ասում է. «Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից»: Ձեր կարծիքով` ո՞վ եւ ի՞նչ է ստիպում Ռոբերտ Քոչարյանին:

– Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը համոզմունքներ ունենալու, դրանք ազատորեն արտահայտելու եւ պաշտպանվելու սահմանադրական իրավունք ունի: Իշխանությունը եւ հասարակությունը պարտավոր են հարգել այդ իրավունքը, երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդար դատավարություն:

– Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնապես հաստատեց նախագահական ընտրություններում իր մասնակցությունը: Հայտնի են առայժմ չորս թեկնածուների անուններ` Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան, Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան: Մասիս Մայիլյանի մուտքը ընտրապայքար ի՞նչ իրավիճակ է փոխում, Ձեր կարծիքով՝ քաղաքական ո՞ր շրջանակներն են սատարելու նրան:

– Որ Մասիս Մայիլյանը նախագահական հավակնություններ ունի՝ նորություն չէ: Եվ նրա հայտարարությունը մի ինչ-որ «դարակազմիկ» կամ «շրջադարձային» չէ, ինչպես որոշ լրատվամիջոցներ են արտահայտվում: Նա 2007թ.-ին էլ նախագահի այլընտրանքային թեկնածու է եղել, ստացել է, եթե հիշողությունս չի դավաճանում, շուրջ 14 տոկոս ձայն: Թե ի՞նչ ուժեր կսատարեն նրան՝ դժվարանում եմ ասել: Բայց չեմ կարծում, թե անցած 12 տարիներին Մայիլյանի քաղաքական ռեսուրսն արմատապես աճել է: Արցախցի ընտրողն էությամբ պրագմատիկ է եւ, որքան ես եմ հասկանում, հակված է իր քվեն տալ գործնական ծրագրեր առաջարկող եւ այդ բնագավառում մեծ փորձառություն ունեցող թեկնածուին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ

11.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031