ՀՀ ԱԺ «Պառլամենտ» եւ Հայաստանի Դիվանագիտական ակումբի «Ամբասադոր» թիմերը «Դինամո» ՄՀԿ դահլիճում ֆուտզալի ընկերական հանդիպում անցկացրին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին: Միջոցառումը կրում էր «Հայաստան, իմ սեր» անվանումը:
Խաղադաշտում էին Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Նախաձեռնության հեղինակները՝ «Հայաստանի դիվանագիտական ակումբի» հիմնադիր նախագահ Լեւոն Դավթյանը եւ համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիբեկյանը Aravot.am-ին ասացին. «Աշխարհի պատմության մեջ առաջին անգամ անցած տարի ստեղծեցինք տարբեր երկրների դեսպաններից բաղկացած ֆուտբոլային թիմ: Անցած տարի մենք բարձրաձայնեցինք ՖԻՖԱ-ի կողմից Իրաքի մարզադաշտերի վրա դրված արգելքների դեմ եւ մեր դեսպանները առաջին խաղն անցկացրին ԱԳՆ թիմի հետ: Մեր այդ կոչը հասավ տեղ եւ մի քանի մարզադաշտերից արգելքը վերացվեց: Նախաձեռնություն բոլորին այնքան դուր եկավ, որ առաջարկ եղավ ֆուտբոլային խաղեր կազմակերպել տարբեր կազմակերպությունների հետ: Առաջին խաղը՝ հոկտեմբերի 9-ին, նվիրված էր Երեւանի 2801-ամյակին, իսկ երկրորդը, այսօրվա հանդիպումը՝ Հայաստանի անկախության 28-ամյակին: Ուրախալի է, որ մեր թիմի կազմում հանդես են գալու ինչպես դեսպաններ եւ փոխդեսպաններ, այնպես էլ դիվանագիտական աստիճան ունեցող աշխատակիցներ, իսկ մրցակից թիմի կազմը համալրել են ԱԺ երեք ֆրակցիաները ներկայացնող պատգամավորներ: Թե ինչպիսի հաշիվ կգրանցվի, դա էական չէ: Կարեւորը մասնակցությունն է եւ առողջ ապրելակերպը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ