Աղմկահարույց միջադեպերից հայտնի Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի՝ Սյունիքի ոստիկանապետի պաշտոն ստանալու լուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանին տպավորություն է տվել, թե Սյունիքի մարզում հեղափոխություն չի եղել:
«Զարմացած եմ, վրդովված եմ, մի մարդ, որն ակնհայտ պետք է քրեակատարողական հիմնարկում լիներ հիմա, ոստիկանապետ է դառնում, դեժավյու է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրա կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ այդ նշանակումից. «Չի կարող նման բան լինել, տեսանյութն էլ կա, թե Գեւորգ Ազիզյանն ինչ է արել, այդ ամենից հետո ում մտքով է անցել նրան մարզի ոստիկանապետի պաշտոն տալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։ Նա Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2016թ. մարտին աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով:
Կարդացեք նաև
Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Դեպքից շաբաթներ անց՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, սակայն հուլիսի 15–ին նա կրկին վերականգնվել էր նախկին պաշտոնին։
Գեւորգ Ազիզյանի անվան հետ կապված մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել 2017թ. փետրվարին։ Այս անգամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանն էր հաղորդում տվել, որ փետրվարի 27–ին իրեն ծեծի է ենթարկել, հայհոյել եւ սպառնացել վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Իոաննիսյան որքան էլ որ հարգելու լինեմ ձեր գործունեությունը, թույլ տվեք չհամաձայնել ձեր սուբյեկտիվ կարծիքին։ Կարծիքը սուբյեկտիվ է բառիս բուն իմաստով, քանի որ հիմնված է մի անորակ տեսագրության վրա, որում բացակայում է ձայնը, հետևաբար դուք ամբողջական պատկերացում չունեք կատարվածի մասին։
Կրկնում եմ, ինչքան էլ հարգեմ ձեր գործունեության տեսակը, այնուամենայնիվ, թույլ տվեք նշել, որ դուք կյանքում չե՛ք զբաղվել օպերատիվ աշխատանքով, երբևէ դեմ առ դեմ չե՛ք առնչվել հանցագործի կամ անկառավարելի օբյեկտի հետ։ Եվ այս ամենի հետ զուգահեռ ինչ որ 10 վայրկյանանոց դրվագի հիման վրա փորձում եք համակարգում 25ամյա վաստակ ունեցող պրոֆեսիոնալ ոստիկանի անվան հետ խաղալ։ Դուք նման հոդվածով հանդես գալուց առաջ գուցե մանրամասն ուսումնասիրեիք Գևորգ Ազիզյանի մարդ և մասնագետ տեսակը, նրա կենսագրությունը, նոր վարկաբեկելու փորձ անեիք նրան։ Հարգանքներով. հույս ունեմ, որ խորությամբ կուսումնասիրեք ասածներս և համոզված եմ՝ ձեր կարծիքը կփոխվի։
Իրոք որ ցավալի է, երբ առանց մարդուն ճանաչելու տեղի, անտեղի լծվում են նրան վարկաբեկելու գործին։ Ազիզյան Գևորգը համակարգում հայտնի է որպես սկզբունքային և անաչառ ոստիկան, և նման լուրերը համոզված եմ՝ միայն նրա տեսակին խանգարելու համար է։ Իսկ մեր ժուռնալիստներին խորհուրդ կտամ գոնե իրենց գործում հասնեն այն պրոֆեսիոնալ որակների կեսին, որին իր գործում տիրապետում է Ազիզյան Գևորգը։