Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ Հռչակագիր։
Ստորև ներկայացնում ենք Հռչակագրի ամբողջական տեքստը՝
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի
– Առաջնորդվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներով և գաղափարներով,
– ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդկության կարևոր ձեռքբերումներից մեկը ժողովուրդների իրավահավասարության ապահովման ճանապարհին, և համոզված լինելով, որ դրա արդյունավետ կիրառումն առաջնահերթ նշանակություն ունի պետությունների միջև ինքնիշխան հավասարության սկզբունքի հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելու համար,
– հաստատելով պետությունների հանձնառությունը՝ զերծ մնալու ցանկացած բռնի գործողություններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից,
– նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի արդյունքների ճանաչման վրա,
– վերահաստատելով բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության վերականգնման միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի արդյունավետության բարձրացման կարևորությունը,
– հաշվի առնելով, որ անկախության համար պայքարում Արցախի ժողովուրդն առաջնորդվել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, ժողովրդավարական արժեքներով և համամարդկային կատարելատիպերով, որոնք շարունակում են մնալ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի հիմքը,
– բարձր գնահատելով Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ամրապնդմանն ու զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա,
– անթույլատրելի համարելով միջազգային գործընթացներից Արցախի մեկուսացման ցանկացած ձև և նրա ժողովրդին միջազգային համագործակցության առավելություններից զրկելը,
– վերահաստատելով մարդու իրավունքների համընդհանրությունն ու անքակտելիությունը՝ անկախ այն երկրի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որտեղ ապրում է անհատը,
– ճանաչելով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցության առանցքային նշանակությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, փոխադարձ մշակութային հարստացման, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման հարցում,
– կարևորելով կրթական, սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում Արցախի հետ գործնական համագործակցության և փորձի փոխանակման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծումն և ամրապնդումը՝
Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ ազատության և ժողովրդավարության ճանապարհին, ինչպես նաև հանրապետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված նրա ջանքերին։
Պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու երկխոսությունն Արցախի Հանրապետության հետ՝ հասարակական և քաղաքական լայն շրջանակների ներգրավմամբ։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցության մեջ Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։
Հայտարարում ենք Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ», ստեղծելու մասին՝ միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։
11 հոկտեմբերի 2019 թ․
Ստեփանակերտ
Արցախի Հանրապետություն