Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ սահմանեց

Հոկտեմբեր 11,2019 20:40

Սեւանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սեւան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը:

Ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ եւ անհատ քաղաքացիներ: Վարազդատ Հակոբյանը 23 տոննա կշռող վագոնը միջնամատով տեղից պոկեց Սեւանի երկաթուղային կայարանում, առաջին իսկ մոտեցումից՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին: Նրան առաջինը շնորհավորեց Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ով միաժամանակ գրանցեց ռեկորդը:

«Մինչ այժմ Գեղարքունիքի մարզը տվել էր երկու նման ռեկորդակիրներ, ովքեր գոտկատեղով ու ճկույթով տեղից գնացքներ են պոկել, իսկ այժմ նրանց՝ Խաչիկ Թումեյանին ու Յուրի Սաքունցին միանում է նաեւ Վարազդատ Հակոբյանը, ով ռեկորդ է սահմանում միջնամատով: Ձեր մարզը հպարտանալու տեղ ունի»,-նշեց Վարդան Թովմասյանը: Ռեկորդակրին ողջունեց ու շնորհավորեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Առաջին անգամ չէ, որ մեր մարզիկները ցույց են տալիս իրենց դյուցազնական ուժը, ու հավատացած եմ, որ առաջիկայում եւս ունենալու ենք նոր ձեռքբերումներ մարզական ոլորտում: Շնորհավորում եմ բոլորիս այս ռեկորդի կապակցությամբ ու հավատում, որ մեր շնորհալի Վարազդատը դեռ շատ հաղթանակներ կգրանցի ու երկար ժամանակ բարձր կպահի մեր մարզի պատիվը»,-նշեց Գնել Սանոսյանը:

ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սեւանի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանին՝ Վարազդատ Հակոբյանի մարզական հաջողությանը նպաստելու եւ աջակցելու համար:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031