WCIT համաշխարհային նվագախմբի ելույթն աննախադեպ արձագանք ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր երկրի սահմաններից դուրս։ Հանրապետության հրապարակում ներկաները հպարտությամբ էին լցվել՝ ունկնդրելով ճաշակով կազմված համերգային ծրագիրը, վայելելով հայկական երաժշտությունը՝ ներկայացված բարձր կատարողական վարպետությամբ։
Աննախադեպ էր նաև համերգի նոու հաուն՝ արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը՝ հայկական մեղեդին, որը հանպատրաստից բեմում կատարեցին երաժիշտները։
WCIT համաշխարհային նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ով նաև այս նախաձեռնության հեղինակն է, հարցրինք՝ համաձա՞յն է արդյոք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե արհեստական բանականության ստեղծագործության մեջ հոգի չկար: «Միանգամայն համամիտ եմ պարոն Հարությունյանի տեսակետի հետ։ Արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը չունի զգացմունքային այն շերտերը, որ մեզ հաղորդում են կոմպոզիտորների գրած ստեղծագործությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Սմբատյանը։
Ի դեպ, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հարցազրույցներից մեկում նշել էր, թե մոտ 40 տարի առաջ գիտահետազոտական ինստիտուտներից մեկը բերել էր երաժշտություն, որը ստեղծել էր էլեկտրոնային մեքենան, և այն, ինչ կատարվեց օրերս Հանրապետության հրապարակում WCIT համաժողովի բացման ժամանակ, նորություն չէ։ «Եթե դիրիժորն առաջին անգամ է լսում, դա չի նշանակում, որ չի եղել»,- ասել էր Արամ Սաթյանը:
Կարդացեք նաև
Մաեստրո Սմբատյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի Արամ Սաթյանի այս տեսակետը։
«WCIT նվագախումբը կատարել է արհեստական բանականության երաժշտությունը հանպատրաստից։ Այն, որ համակարգիչը 40-50 տարի առաջ գրել է երաժշտություն, հայտնի փաստ է բոլորին։ Մեր հաջողությունն այն է, որ համակարգիչը գրել է հայկական երաժշտություն, երևույթ, որը WCIT-ն ճանաչել է որպես համաշխարհային նոու հաու։ WCIT-ն այն կառույցն է, որը թելադրում և ստեղծում է միջազգային թրենդներ։ Եվ այս պարագայում չեմ պատկերացնում, թե Հայաստանում որևէ մեկը կարող է վիճարկել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետների տեսակետը։ Ցավում եմ, որ մեր հեղինակավոր կոմպոզիտորը տեղեկատվության պակաս ունի։ Եվ ես իսկապես մտահոգված եմ, որ այն մարդը, որ ղեկավարում է Կոմպոզիտորների միությունը, կարող է համարել, որ ինքը մի բան գիտի, որի մասին ուրիշները տեղեկացված չեն»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ