Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար. «Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայով, դժվար է, քանի որ տարածքն այս պահին Թուրքիայի վերահսկողության տակ է»

Հոկտեմբեր 11,2019 18:55

ԱԺ֊ում դռնփակ հանդիպմանը քննարկվել է Սիրիայի հյուսիսում ապրող հայերին օգնելու հարցը: հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան տարհանելու պաշտոնական առաջարկ չի եղել:

«Այս պահին հայտարարված 30 կմ խորությամբ անվտանգության գոտին, որի մասին Թուրքիան խոսում է, այդ գոտում բնակվող հայկական ընտանիքները եւ քաղաքացիները հիմնականում դուրս են եկել: Միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Ղամիշլին է, որն էլ մեր ուշադրության կենտրոնում է: Ղամիշլիի հայերի եւ հոգեւոր առաջնորդների հետ կապի մեջ ենք՝ փորձում ենք հասկանալ, թե ինչի կարիք եւ ինչ խնդիրներ ունեն: Իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են, եւ եթե ինչ-որ բանի անհրաժեշտություն լինի, մենք, բնականաբար, որոշում կկայացնենք: Բայց պետք է հասկանալ, որ այդ տարածքում հումանիտար օգնություն, այն էլ՝ ավիացիայի միջոցով դժվար կլինի տրամադրել, որովհետեւ այդ ամբողջ տարածքն այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե քանի՞ մարդու մասին է խոսքը եւ Հայաստանը ինչքա՞ն ռեսուրս ունի Սիրիայից գաղթականներ ընդունելու, եթե նրանք Հայաստան գալու ցանկություն հայտնեն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ցանկություն հայտնեն, ապա ես կարծում եմ՝ այդ ռեսուրսները մենք պատրաստ ենք ամբողջովին տրամադրել, բայց պետք է հասկանալ՝ որքան քաղաքացիներ, Սիրիայում գտնվող հայեր ցանկություն հայտնում: Ցանկություն հայտնողներ դեռեւս չեն եղել»:

Լրագրողը հետաքրքրվեց, թե իր թուրք գործընկերոջ հետ փորձե՞լ է խոսել այս թեմայով, իմանալ նրանց տրամադրվածությունը եւ  հետագա ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Նրանց հետ երկխոսություն կա՞: «Կարծում եմ, այդ հարցի պատասխանը երեկ ԱԳՆ-ի հայտարարությունն է տվել», – եղավ Արմեն Գրիգորյանի պատասխանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031