Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում

Հոկտեմբեր 11,2019 17:42

Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավական» թեմայով։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Արցախի պետականաշինության գործընթացում ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:

Իր խոսքում արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը և պետական անկախության մասին Հռչակագրի ընդունումը տեղի են ունեցել միջազգային իրավունքին և այդ ժամանակ գործող ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան: Արցախը իրավունք է ունեցել ստեղծելու անկախ պետություն՝ ինքնորոշման իրավունքի իրացման կարգով և անջատման իրավունքին համապատասխան, որպես պաշտպանության միջոց՝ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական խտրականության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, էթնիկ զտումների պայմաններում:

Մասիս Մայիլյանը նշել է, որ երկար ժամանակ այն կարծիքն էր գերիշխում, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Արցախի միջազգային ճանաչման համար: Սակայն, հենց սկզբից խաղաղ կարգավորման գործընթացը բախվել է անհաղթահարելի խոչընդոտի՝ Ադրբեջանի կողմից առճակատման տրամաբանությունից հրաժարվելու չկամության հետ, ինչը հանգեցրել է ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությանը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և խթան կհանդիսանա բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։ Ավելին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտա անվտանգության ապահովման նպատակով կիրառվող կոշտ ուժին, կամ ռազմական միջոցներին զուգահեռ գործածել նաև փափուկ ուժ, այսինքն՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է Արցախի ճանաչման կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության  տեսանկյունից՝  նշելով, որ Արցախի քաղաքացիների առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցության նվազեցման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում:

Արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ հանրապետության ժողովրդի ազատության և արդարության ձգտմանը սատարելու և Արցախի միջազգային կապերի զարգացմանն աջակցելու համար։ Մասիս Մայիլյանը նշել է, որ համաժողովը Արցախի մեկուսացման և նրա քաղաքացիների միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելու անթույլատրելիության մասին միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա։

Արցախի Հանրապետության ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031