Հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ պատգամավորները մասնակցում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին:
Բացելով համաժողովը, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդարությունն ու խաղաղությունը համամարդկային արժեքներ են, որոնք պահանջված են ու արդիական բոլոր տարածաշրջաններում, բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի համար: Նա ընդգծել է, որ հենց այս գաղափարներն են մի հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր երկրներում նույն աշխատանքն իրականացնող Արցախի բարեկամներին:
Համաժողովի առաջին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» զեկույցով և ներկայացրել արտաքին քաղաքականության բնագավառում խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքներն ու դրանք ակտիվացնելու հնարավորությունները:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի զեկույցը
Կարդացեք նաև
Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Թանկագին բարեկամներ,
Առհասարակ ընդունված է համարել, որ արտաքին հարաբերությունները իշխանության գործադիր թևի մենաշնորհն է, սակայն վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերություններում խորհրդարանական կառույցների ակտիվությունը, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքը վկայում են, որ օրենսդիր իշխանությունը ներկայացնող գործիչների մասնակցությունը միջազգային հարաբերություններում օրեցօր աճում է:
Արցախի պարագայում, երբ չճանաչվածության հանգամանքով պայմանավորված ունենք արտաքին քաղաքականություն վարելու սահմանափակ հնարավորություններ, խորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է:
Որպես խորհրդարանի նախագահ և նախկին արտգործնախարար ինձ համար հետաքրքիր է խոսել այսպիսի լսարանի առջև հենց խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմայով և համաժողովին ներկայացնել արտաքին հարաբերություններում մեր երկրի օրենսդիր մարմնի ունեցած դերն ու այն լիարժեք օգտագործելու հնարավորությունները:
Հռչակվելով որպես խորհրդարանական ժողովրդավարություն՝ անկախության առաջին օրերից մեր հանրապետությունում օրենսդիր մարմինը՝ այն ժամանակ Գերագույն խորհուրդ անվանումով, իր կարևոր դերն է ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մշակման ու վարման հարցում: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակներից սկսած խորհրդարանականները ակտիվորեն ներգրավված են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մասնավորապես հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններում: Այս համատեքստում առանաձնահատուկ տեղ պետք է հատկացնել 1994 թվականի մայիսի 4-5-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Բիշքեկում կազմակերպած եռակողմ հանդիպմանը:
Նշված ժամանակահատվածում, առավել ևս հրադադարի հաստատմանն ուղղված բազմաթիվ համաձայնագրերի ժամանակավոր լինելու ֆոնին, առկա էր այն գիտակցումը, որ կարգավորման գործընթացի համար կենսական է, որպեսզի երկխոսությունը վարվի ոչ միայն ռազմական և դիվանագիտական ղեկավարության միջև, այլև ժողովրդից անմիջական մանդատ ստացած խորհրդարանականների միջև, քանզի նրանց միջամտությամբ համաձայնեցված ցանկացած փաստաթուղթ հավելյալ լեգիտիմություն էր հաղորդելու գործընթացին:
Դժբախտաբար հաջորդող տարիների ընթացքում, բացառությամբ մի քանի առանձին փորձերի, այն դրական դերը, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող էր կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացում, որևէ կերպ չի կիրառվել և զրոյացվել է նաև հակամարտող կողմերի միջև խորհրդարանականների մակարդակում շփումներ ունենալու հնարավորությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մշտապես տարվել են աշխատանքներ արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ՝ հիմնական առաջնահերթություն ունենալով արտասահմանյան գործընկերների միջոցով նպաստելու Արցախի միջազգային ճանաչմանը, մեծացնելու արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածությունը, բարձրաձայնելու Արցախի դիրքորոշումը և ուղիներ գտնելու բազմազան ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Այս աշխատանքները առավել ակտիվորեն դրսևորվել են հատկապես 2012 թվականից և պատահական չէ, որ նշված ժամանակաշրջանից սկսած մենք ունեցել ենք առաջին արդյունքները: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի, Բասկերի երկրի, ամերիկյան ինը նահանգների խորհրդարանների, ինչպես նաև մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքի: Նույն փաստաթղթերը միաձայն արձանագրում են տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծման և միջազգային հանրության հետ կառուցողական շփումներ հաստատելու Արցախի Հանրապետության պատրաստակամությունն ու վճռականությունը:
Խորհրդարանի դիվանագիտական ջանքերին զուգընթաց տեղի է ունեցել առկա հարաբերությունների ինստիտուցիոնալացման գործընթացը և աշխարհի տարբեր երկրների խորհրդարանական կառույցների հետ սկիզբ է դրվել բարեկամական խմբերի և շրջանակների ձևավորումը:
Այսօր Արցախի խորհրդարանում գործում են բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ, բարեկամական խմբեր՝ Եվրախորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի, Կանադայի հետ: Այս ցանկում հատուկ չեմ նշում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, որովհետև այն երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների համագործակցության ամենաբարձր մակարդակն է և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն արտաքին քաղաքական օրակարգով:
Իհարկե, բարեկամական խմբերն ու շրջանակները աշխատող խողովակ են արտաքին աշխարհի հետ կապերի պահպանման համար, սակայն պետք է հաշվի առնենք, որ Արցախի խորհրդարանի դիվանագիտական ջանքերի արդյունավետության վրա ազդում են տարբեր երկրներում ընթացող քաղաքական վերադասավորումների գործընթացները: Այս դաշտում դժվար է հեռահար կանխատեսումներ անել, քանի որ քաղաքական նոր դասավորություններով պայմանավորված մենք երբեմն կորցնում ենք մեր ազդեցությունը որևէ երկրում կամ հակառակը՝ գտնում առավել ակտիվ աշխատելու համար նոր հնարավորություններ: Արցախի դեպքում այսպիսի առանձնահատկություններ ունի խորհրդարանական դիվանագիտությունը և այդ հանգամանքը մեզնից պահանջվում է մշտական ուշադրություն և զգոնություն՝ որոնելու և գտնելու նպաստավոր միջավայր, պահպանելու ստեղծածը և օգտագործելու նոր հնարավորությունները:
Հարգելի ներկաներ,
Խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն օղակներից մեկը միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացվածությունն է, ինչը անդամակցող երկրների պատգամավորներին թույլ է տալիս բարձրաձայնելու ինչպես իրենց երկրների ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին, այնպես էլ ուղիներ գտնելու՝ հաղթահարելու միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերները: Ցավոք, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քմահաճ ցանկությունների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք ջանքերի պատճառով միջազգային կազմակերպություններում մեր առջև դռները մեծամասամբ մնում են փակված:
Արտաքին հարաբերություններում խորհրդարանի դերի աշխուժացման համար անհրաժեշտ հիմքեր են ստեղծում նաև օրենսդիր իշխանության մեջ ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությունն ու համագործակցությունը այլ երկրների քաղաքական կուսակցությունների և դաշինքների հետ: Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված 5 քաղաքական ուժերից երեքը համագործակցում են նման կառույցների հետ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ասոցացված անդամի կարգավիճակ ունի Եվրոպական ազատ դաշինքում, ընդորում Դաշինքը Կանաչների հետ միասին ներկայացված է Եվրոպական խորհրդարանում, «Ազատ հայրենիք» կուսակցությունը համագործակցում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ, իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ «Սոցիալիստական ինտերնացիոնալ» միավորման հետ: Կուսակցական մակարդակում աշխատանքների ակտիվացման հնարավորություն միշտ էլ կա, մանավանդ, որ դաշտը առավել մեծ ճկունություն և լայն հնարավորություններ է ընձեռում, իսկ խոչընդոտները համեմատաբար հեշտ հաղթահարելի են:
Հաղորդակցության ժամանակակից հնարավորությունների պայմաններում, երբ անգամ հեռավորության վրա անհատական շփումներն ու կապերը որոշիչ ազդեցություն են ունենում կարծիքների և դիրքորոշումների ձևավորման վրա, անհատ խորհրդարանականների անմիջական ներգրավվածությունը Արցախի հետ հարաբերություններում նոր հնարավորություններ է ստեղծում խորհրդարանական դիվանագիտության համար: Այս առիթով այս հարթակից ուզում եմ նաև խոսք ուղղել աշխարհի տարբեր երկրների ազգային խորհրդարանների ներկայացուցիչներին. «Առաջնորդվե՛ք սեփական մտքով ու խղճով, ձեր անհատական պատրաստակամությունն ու վճռականությունը շատ բան կարող է փոխել Արցախի և հակամարտության նկատմամբ ձեր ու ձեր երկրների վերաբերմունքի մեջ: Ամենաճիշտ միջոցը Արցախն անձամբ տեսնելն ու ճանաչելն է»:
Հարգելի ներկաներ,
Շուրջ 30 տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ խորհրդարանական դիվանագիտությունը իր արժեքավոր տեղն է զբաղեցրել մեր երկրի արտաքին քաղաքականության գործիքակազմում: Դրա ընդլայնման և նոր հնարավորությունների կիրառման համար ձևավորվել են անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունները: Այս ամենով հանդերձ՝ այս ասպարեզում մեր հաջողությունները մեծապես խարսխված են մեր բարեկամների և Սփյուռքում գործող հայկական կառույցների ջանադիր ու նպատակային աշխատանքի վրա: Ուստի, պատեհ առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալության խոսք ասել Արցախի բոլոր բարեկամներին, Սփյուռքում գործող բոլոր ազգային կառույցներին, մասնավորապես, Հայ դատի հանձնախմբերին և Արցախին սատարող բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին:
Կասկած չունեմ, որ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության համաժողովը» օգտակար հարթակ է լինելու նույն գաղափարների և արժեքների պաշտպանության համար այսօր Արցախում միավորված մեր բարեկամների համար ոչ միայն ավելի մոտիկից առնչվելու Արցախին և թարմացնելու իրենց պատկերացումները, այն նաև շփվելու միմյանց հետ, մտքեր ու կարծիքներ փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուրվագծելու ապագայի անելիքները: Համաժողովի հաջող ընթացքով պայմանավորված, թերևս կարելի է մտածել նաև այս ձևաչափով հավաքներ եթե ոչ ամեն տարի, ապա գոնե հաճախակի կազմակերպելու մասին: Վստահ եմ, որ դա դրական ազդակներ կհաղորդի Արցախի ճանաչման մեր ընդհանուր գործին և նոր հնարավորություններ կբացի նաև խորհրդարանական դիվանագիտության հետագա ակտիվացման համար: Մեր պայքարը շարունակվում է և հաջողություններ եմ մաղթում բոլորիս այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքում:
Շնորհակալություն:
Արցախի Հանրապետության ԱԺ
լրատվության և հանրության հետ կապերի բաժին