Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՔՊ-ականների հետ քննարկել է հակածխախոտային օրինագիծը: Քննարկումից հետո Թորոսյանը լրագրողներին ասաց, որ այդ հանդիպմանը միայն այդ օրինագիծն են քննարկել, այլ հարց չի եղել:
Մինչ Ազգային ժողովում բուն քննարկումները, ինչպես ասաց նախարարը, այլ խմբակցություններին էլ է որոշել ներկայացնել օրինագիծը:
Թորոսյանն ասաց, որ օրինագիծը հնարավոր է ԱԺ-ում որոշակի փոփոխությունների ենթարկվի:
«Կարծում եմ՝ Հայաստանի հանրապետությունը հասունացել է այնքան, որ ընդունի օրենքը, նույնիսկ ուշացել է: Մեր պես զարգացվածության մակարդակի երկրներում վաղուց ընդունել են եւ մարդու առողջությունը առաջին տեղում է դրված: Բազմիցս ասել եմ՝ տնտեսական առումով այս օրենքը բերելու է դրական ազդեցության, եւ ոչ թե հակառակը»,-ասաց Թորոսյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, որոնք շատերի մոտ դժգոհություն է առաջացրել, ապա Թորոսյանը վստահեցրեց՝ տուգանքները նախ կանխարգելու համար են. «Օրենքում չկան այնպիսի անմարդկային պահանջներ, որոնք ստիպելու են մարդկանց խախտել օրենքը: Կարող են չխախտել»:
Օրինագիծը մի քանի շաբաթից, ըստ նախարարի, ԱԺ-ում կդրվի ներքին քննարկումների, ապա հանձնաժողովային քննարկումների, հետո այն կներառվի լիագումար նիստի օրակարգում. «Հույս ունենք, որ այն կընդունվի մինչեւ այս նստաշրջանի ավարտը: Եթե չստացվի՝ առնվազն մյուս նստաշրջանի սկզբում կընդունվի: Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ ամբողջությամբ, որովհետեւ տարբեր հոդվածներ ուժի մեջ են մտնելու տաբեր տարիներին, ասենք՝ 2020, 2024 թվականներ: Օրինակ՝ հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը կգործի 2022 թվի մարտից, եթե քննարկումների ժամանակ այս կետը չփոխվի»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ թեեւ ինքը այսօրվա քննարկմանը չի մասնակցել, բայց գտնում է՝ օրենքը վաղ, թե ուշ պետք է ընդունվի. «Իմ երազած երկրում ոչ ոք չի ծխում: Ես այսօր, ցավոք, ծխում եմ»: Գեւորգյանի խոսքերով. «Ծխելու մեջ ոչ մի լավ բան չկա: Իմ նման ծխողները ժամանակին հիմարություն են արել, որ սկսել են ծխել: Հիմա ջանքեր եմ գործադրում, որպեսզի թողնեմ ծխելը: Մեր երեխաները, թոռներն՝ առավել եւս, պիտի չծխեն»:
Գեւորգյանի կարծիքով՝ ամեն ինչ պետք անել, որպեսզի օրինագիծը անցնցում, կամ նվազագույն ցնցումներով ընդունվի, գործի, որովհետեւ ծխախոտային արդյունաբերությունը ՀՀ-ի բյուջեի խոշոր աղբյուր է, պետք է նրբանկատ գտնվել. «Կարծում եմ՝ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր լուծումների»:
Պատգամավորն ասաց, որ քննարկումների ժամանակ կներկայացնեն փորձագիտական կարծիքներ, օրինակ՝ վրացիների փորձագիտական եզրակացությունը, թե ինչ է եղել Վրաստանում օրենքն ընդունելուց հետո, այնտեղ կտրուկ փոփոխություններ են եղել. «Մենք պետք է այնպես անենք, որ այդ սխալները թույլ չտանք»:
Մոտ 20 հազար դրամի հասնող տուգանքի մասին էլ Գեւորգյանն ասաց՝ տուգանքը նրա համար է, որ խիստ լինի, եւ հնարավոր է քննարկման արդյունքում որոշեն ավելի խիստ լինել, քան այսօրվա նախագծով առաջարկվող տուգանքը. «Ես մեծ խնդիր չեմ տեսնում տուգանքների չափի մեջ: Խնդիրն այն է, թե միանգամի՞ց ուժի մեջ մտնի, թե՞ ասենք՝ 2 տարվա ընթացքում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ