Լրահոս
Օրվա լրահոսը

«Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն». Նունե Սարգսյան

Հոկտեմբեր 11,2019 16:13

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին:

Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով: Պատահական չէ, որ մեր երկրում հայերենով պահպանվել են ինքնատիպ թարգմանություններ հին հունարենից, եբրայերենից, ասորերենից և այլ լեզուներից: «Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն: Հենց այդ առաքելությունն է, որ կատարում են մանկական գործերի թարգմանիչները: Նրանք պետք է հասկանան երեխաների լեզուն, որպեսզի նրանց հասցնեն իրենց պատգամը: Մանուկները մեր ապագան են, և մենք պետք է նրանց համար աշխատենք ոչ միայն ստեղծելով բարեկեցիկ կյանք, այլև տալով նրանց ճիշտ թարգմանված գրականություն»,- նշել է Նունե Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ որպես մանկագիր՝ իր ստեղծագործությունների միջոցով ևս փորձում է տարբեր խրատներ ու պատգամներ փոխանցել փոքրիկներին:

Խոսելով Հովհաննես Թումանյանի գրական գործունեության, մասնավորապես, երեխաների համար գրված ստեղծագործությունների մասին՝ Նունե Սարգսյանը նշել է, որ մեծանուն բանաստեղծն ունեցել է փոքրիկներին հասկանալու յուրօրինակ տաղանդ: «Նա և՛ փոխադրել է հեքիաթներ, և՛ հորինել: Նրա մանկական գրքերը նույնքան մատչելի են նաև մեծերի համար: Հենց դա է Թումանյանի տաղանդը: Նա գրել է մանկական գրականություն, որը նաև լիարժեքորեն բավարարում է մեծահասակներին»,- ասել է Հանրապետության նախագահի տիկինը:

Գիտաժողովի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել նաև զեկույցով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031