Աշխարհահռչակ ֆիզիկոս տեսաբան Իգնատիոս Անտոնիադիսը հոկտեմբերի 9-ին հյուրընկալվել է Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում եւ ելույթ ունեցել «Մասշտաբային հիերարխիաներ, սուպերսիմետրիա և կոսմոլոգիա» թեմայով` առաջատար գիտաշխատողների, երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին լաբորատորիայի լրատվականից, նրան հրավիրվել էր տնօրինությունը:
Իգնատիոս Անտոնիադիսը աշխարհահռչակ հույն ֆիզիկոս է, որը աշխատում է լարերի տեսության և մասնիկների ֆիզիկայի բնագավառում Փարիզում` Էկոլ պոլիտեխնիկ համալսարանի Տեսական ֆիզիկայի կենտրոնում, և ՑԵՌՆ-ում (միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն, աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիան), որտեղ երկար տարիներ եղել է տեսական ֆիզիկայի բաժնի ղեկավար:
Նա բազմաթիվ նշանակալից գիտական աշխատությունների հեղինակ է, Ֆրանսիական ֆիզիկական ընկերության հատուկ մրցանակակիր, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի արծաթե մեդալակիր, Իոանիայի համալսարանի (Հունաստան) պատվավոր դոկտոր:
Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայից մեզ վստահեցրին, որ ինչպես իրենց, այնպես էլ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտնականները և ուսանողները տպավորվել են անվանի գիտնականի ելույթով եւ քննարկումները շարունակվել են նաև նրա ելույթից հետո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` cds.cern.ch-ից