Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Մի 40 տարի առաջ «Զենիթով» լուսանկարել եմ»

Հոկտեմբեր 11,2019 15:21

Դեռեւս 2019թ-ի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ «Երեւան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը: Վերջինիս նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին ու աշխատանքին:

Ծրագրի առաջին փուլում իրականացվել են լուսանկարչության, օպերատորության ու համակարգչային մոնտաժի դասընթացներ, որոնց մասնակցել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 11 երիտասարդներ: Տղաներին դասավանդել են ՀՀ նախագահի անձնական օպերատորը, լուսանկարիչն ու ՀՀ նախագահի աշխատակազմի համակարգչային մոնտաժողը:

Հոկտեմբերի 10-ի ցուցահանդեսին ներկայացվեց 21 լուսանկար, որոնց մի մասի հեղինակը Տիգրան Սարգսյանն է: Նա զինվորական ծառայության ընթացքում կորցրել է ձախ ձեռքի թաթի հիմնական հատվածը, հետագայում ձեռքն ամբողջությամբ անշարժացել է: Տիգրանը սովորել է լուսանկարչություն եւ արդեն 3 ամիս է աշխատում է հիմնադրամում՝ որպես լուսանկարիչ:

Ցուցահանդեսից հետո, «Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը ներկայացրեց զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողների կրթության, զբաղվածության, հասարակական կյանքին ակտիվ ինտեգրվելու խոչընդոտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները:

ՀՀ նախագահի ձեւակերպմամբ, միշտ չէ, որ խնդիրների լուծման ժամանակ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, երբեմն ավելի շատ մարդկային ուշադրության եւ վերաբերմունք կարիք կա: Նա օրինակ բերեց Գյումրին, որը ոչ միայն բնակարանների, ֆինանսական ներդրումների կարիք ունի, այլեւ ուշադրության: Նախագահը փաստեց, որ լավագույն նվերն այս տարի Անկախության տոնը Գյումրիում նշելն էր:

Արմեն Սարգսյանը լուսանկարները դիտելիս, ասաց, որ մի 40 տարի առաջ «Զենիթ» լուսանկարչական սարքով ինքը եւս լուսանկարել է, անգամ տպել դրանք մութ սենյակում: Ավելի շատ գնահատում է սեւ-սպիտակ լուսանկարները, քանի որ իր համոզմամբ, սեւ-սպիտակ լուսանկարներն ավելի ազդեցիկ են:Նա բոլոր տղաներին պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքեր նվիրեց:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հ/կ-ի նախագահ Հայկուհի Մինասյանը կոչ արեց, որ բոլորը ուշադրություն դարձնեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին, որովհետեւ նրա խոսքերով, հաճախ ծառայությունից խուսափելու ու դասալքության արդյունքում են ոմանք պաշտոների են հասնում, մինչդեռ ծառայած ու հայրենիքը պաշտպանած տղաները մնում են ուշադրությունից դուրս:

Նա հույս հայտնեց, որ պետությունը կշարունակի աջակցել տղաներին, մանավանդ ինչ-ինչ աջակցություններ արդեն եղել են: «Լիահույս եմ, որ կապրենք այնպիսի Հայաստանում, որ մարդը հանգիստ իր տղային կուղարկի բանակ` իմանալով, որ անգամ հաշմանդամությունից հետո ընտանիքի համար բեռ չի լինելու»,-ընդգծեց Հայկուհի Մինասյանը:

Աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը հանդիպման վերջում կատարեց Շոպեն, Մորիկկոնե, Կոմիտաս եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031